ԿԲ-ի առաջին եռամսյակի կանխատեսումներով ՀՀ տնտեսական աճը 2022թ կկազմի 1.6 %. Մարտին Գալստյան
«Որպեսի 2021 թ. գնաճը 4 %-ի հասցվեր, ապա ԿԲ-ն պետք է կտրուկ քայլեր աներ և վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասներ 28 %-ի: Նման քաղաքականությունը շատ ծախսատար կլիներ տնտեսության համար՝ էականորեն զսպելով պահանջարկը և ՀՆԱ-ի աճը»,-ԱԺ-ում հայտնեց Կենտրոնական բանկի Նախագահ Մարտին Գալստյանը՝ ԿԲ 2022 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս:
Նրա խոսքով՝ ԿԲ քաղաքականությունը նպատակաուղղված է երեք տարիների ընթացքում գնաճը նպատակային ցուցանիշին հասցնելուն և գների կայունացմանը՝ դրանով նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ ընթացիկ տարվա սկզբին կանխատեսված գնաճը նվազում էր մեծ տեմպերով, բայց ռուս-ուկրաինական հակամարտությունն աննախադեպ մեծ անորոշություններ է ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական զարգացումների առումով, այդ պատճառով էլ ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի քանի սցենար:
Ըստ ԿԲ նախագահի՝ դրանցից մեկով կանխատեսվում է համաշխարհային մակարդակով և տարածաշրջանի գործընկեր պետությունների շրջանում տնտեսության աճի զգալի դանդաղում, իսկ ՌԴ-ի դեպքում՝ տնտեսական անկում:
Հայտնելով, որ գնաճային վիճակն այս տարի էականորեն ընդլայնվելու է էներգետիկ, պարենային շուկաներում և ավելանալու են գնաճային սպասումները՝ Գալստյանը հայտնեց, որ այն զգալի բացասական ազդեցություն կունենա նաև ՀՀ տնտեսության վրա, ինչը հատկապես կարտահայտվի արդյունաբերության ճյուղի դանդազմամբ և դրամական փոխանցումների կրճատմամբ:
«Նման իրավիճակում ԿԲ հիմնական սցենարի ներքո տնտեսական աճի ցուցանիշը էականորեն նվազել է և առաջին եռամսյակում մեր իրականացրած կանխատեսումների համաձայն կկազմի 1.6 %»,- հայտնեց նա և նկատեց, որ կան նաև նպաստող գործոններ ներկայացվածից ավելի դրական միտումներ գրանցելու համար:
ԿԲ-ի սցենարի համաձայն, ըստ Մարտին Գալստյանի, պահանջարկի աճի և միջազգային շուկաներում գնաճի պատճառով առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային սցենարի պահպանում և 2022 թվականի ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7%։
«Այդ իրավիճակում Կենտրոնական բանկը մարտին, համեմատաբար մեծ քայլով, 1,25 %-ով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Գնաճի ու գնաճային սպասումների կարգավորմանն ուղղված հետևողական դրամավարկային քաղաքականության ներքո գնահատվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու միջնաժամկետ հատվածում կկայունանա նպատակային 4 %ի շուրջ»,-ասաց ԿԲ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում ևս ԿԲ-ն կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը. Մարտին Գալստյան
- Մարտին Գալստյան. Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան