Անտրամաբանական է առանց գերիների վերադարձի խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին. Աբրահամյան
«Պետք է արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից, առհասարակ Հայաստանը հրաժարվել է Արցախից»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի մնացած տարածքները պահպանելու համար ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ ծրագիր ունեն։
Նա նշեց, որ այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, Արցախի անվտանգության, զարգացման մասին, ավելորդ է։
Աբրահամյանի խոսքով, իրենք ունեն արձանագրած խնդիրները, այն ճանապարհները, որով կարելի է գնալ ու ստեղծված իրավիճակում որոշակի լուծումներ գտնել։
Նրա խոսքով, այս պահին բավարար չափով չեն իրականացվում պաշտպանության բանակի ռեֆորմները, պետք է լուծել օջախներից զրկված անձանց բնակարանային խնդիրները տեղում։
«Պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից, արագացված կարգով ապահովել այդ մարդկանց կյանքն Արցախում մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձն իրենց հիմնական օջախներ»,- ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց նաև, որ արմատական փոփոխության կարիք ունի Արցախի պետական կառավարման համակարգը. «Ճկունության, էֆեկտիվության բարձրացման, առհասարակ Արցախի առաջ առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների»։
Ընդդիմադիր գործչի խոսքով, նվազ է նաև Հայաստանի ու Արցախի համապատասխան մարմինների համագործակցության արդյունավետությունը, կան համակարգեր, առհասարակ համագործակցության մեջ չեն։
Հարց հնչեց նաև ռազմագերիների վերադարձի մասին։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հայ գերիների վերադարձը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից մեկն է, որն Ադրբեջանը որևէ կերպ չի իրականացնում։
«Այն պետք է դառնա Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը, առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների, այլ գործընթացների մասին, տրամաբանական չէ»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով, եթե նկատել են, վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակարգից հանվել է։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են
- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հարցուպատասխանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան