Թադևոս Ավետիսյան. Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են
«Կենսաթոշակային համակարգում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք նոր չեն։ Սակայն պետք է փաստել, որ վերջին չորս տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում աննախադեպ բացասական երևույթի»,-ասաց ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ Ֆրանսիայի հրապարակում պատասխանելով թոշակառու պապիկի բարձրացրած հարցին, ըստ որի 35 տարի աշխատել է, բայց կենսաթոշակը մոտ 28 հազար դրամ է կազմում։
Ավետիսյանն ասաց՝ խնդիրը վերաբերում է հազարավոր քաղաքացիների։ Նա նշեց, որ նախորդ չորս տարիների ընթացքում նվազագույն սպառողական զամբյուղի գինը գրեթե կրկնապատկվել է, մինչդեռ թոշակներն ավելացել են շատ չնչին չափով։
«Գրեթե չեն ավելացել այն մարդկանց թոշակները, որոնք համարվում են աղքատ ընտանիքների անդամներ կամ աղքատ կենսաթոշակառուներ։ Այստեղ պարզ լուծումներ կան։ Պետությունը պետք է ինդեքսավորի թոշակներն ու նպաստները, դրա առաջարկը «Հայաստան» խմբակացությունը ներկայացրել է, ինչը մերժվել է տարբեր հիմնավորումներով՝ 44-օրյա պատերազմ, քովիդ, բյուջեում փող չկա։ Բայց մեկ էլ տեսնում ես, որ պետական բյուջեն փող ունի, 3 մլրդ դրամ ոստիկաններին պարգևատրում են տալիս։ Այո, այստեղ անարդարություն կա, 3 մլրդ դրամով կարելի էր 10 տոկոսով ավելացնել անապահովության նպաստի չափը, այսինքն օգնել աղքատ ընտանիքներին, որտեղ ապրում են կենսաթոշակառուներ, թերսնված երեխաներ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։