Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկելու համար մի քանի շաբաթ դեռ պետք է սպասել
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը խաթարել է մայրաքաղաքի այդ հատվածի ու հարակից փողոցների երթևեկությունը։ Խցանումներն ավելի խիտ, հաճախակի ու երկարատև են դարձել։
Մայիսի 20-ին տեղի ունեցած փլուզման հետևանքներն ակնհայտ են ու նյարդայնացնող, իսկ պատճառները՝ դեռ անհայտ։
«Դեռ ուսումնասիրվում է: Մասնագիտական եզրակացությունը փոքր-ինչ ուշ կլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը՝ պատասխանելով փլուզման պատճառների մասին հարցին։
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը տեղի ունեցած փլուզումը պայմանավորել էր կառուցապատման խնդիրներով.
«Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու, բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ»։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, հիմա ամրաշինական աշխատանքներն են ընթանում, զուգահեռ ճանապարհի այդ հատվածի գրունտային հատվածն է հեռացվում, որպեսզի կայուն լիցք արվի՝ հետագայում փլուզումը բացառելու նպատակով:
«Նախնական գնահատականով շինաշխատանքները կավարտվեն 2-3 շաբաթվա ընթացքում»,-տեղեկացրեց Սարդարյանը։
Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։
Նշենք, որ այսօր հերթական փլուզումն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես երևում է ԱԻ նախարարության հրապարակած լուսանկարներից, փլուզումը շինհրապարակին կից տարածքում է։ Քաղաքապետարանում դեռ այս մասով տեղեկատվություն չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում հերթական փլուզումն է գրանցվել
- Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ
- Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
- Հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը... Սարհատ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան