Հատուկ երևանյան համերգի համար Արգենտինայի ազգային թանգարանից դուրս են բերվել Պիացոլայի և Տրոյլոյի բանդոնեոնները
Մայիսի 25-ին Արգենտինայի ազգային տոնն է։ Այդ առիթով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին կայանալու է համերգ, կհնչի Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակները»՝ գործիքավորված կոմպոզիտոր Կարեն Անանյանի կողմից «Կադանս» անսամբլի և նվագախմբի համար։ Ծրագրում ընդգրկված են նաև արգենտինացի և հայ կոմպոզիտորների գործեր։ Այս մասին հայտնում են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Արգենտինայի ազգային տոնին նվիրված բացառիկ երաժշտական նախագծի վերաբերյալ մամուլի ասուլիսում տանգո երգչուհի Մարիել Դյուպետն ասել է. «Ես տպավորված եմ։ Մեր բարեկամությունն այնքան հին է, որ հարազատ միջավայրում եմ ինձ զգում։ Ուրախ եմ, որ կրկին «Կադանս» անսամբլի հետ հանդես եմ գալու Երևանում, ուր իմ նախորդ ելույթը շատ ջերմ են ընդունել։ Երաժշտության միջոցով մարդիկ մոտենում են իրար ու դառնում սրտակիցներ, բարեկամանում ու շարունակում այդ բարեկամությունը»:
Աշխարհում ամենահայտնի բոնդոնեոնահար արգենտինացի Վալտեր Րիոսը նշել է, որ համերգը նվեր է լինելու հայ երաժշտասերներին, քանի որ հատուկ այս համերգի համար Արգենտինայի ազգային թանգարանից դուրս են բերվել Աստոր Պիացոլային և Անիբալ Տրոյլոյին պատկանող բանդոնեոնները: