Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
«Այս իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են»,-Բաղրամյան պողոտայում նախագահական նստավայրի շենքի շրջափակման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, երկրում իրավիճակ է փոխվել, նույնիսկ երթերին, ակցիաներին չմասնակցող քաղաքացիները ողջունում են պայքարի գործողությունները։
«Հիմա արդեն մենք 2.5-3 ժամ փակել ենք Բաղրամյան պողոտան, սպասող մեքենաների մեջ գտնվող մարդիկ ոչ թե դժգոհում են, այլ ողջունում են այս գործողությունները»,-ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով, այս մարդկանց համար իշխանությունը եղել է անհասանելի մի բան, իշխանության գալուց հետո նրանք ստանձնել են ոչ թե երկրին ծառայելու պատասխանատվություն, այլ դա օգտագործել են անձնական բարեկեցությունը բարելավելու միջոց։
«Ահա այստեղ է գաղտնիքը։ Նրանք չեն ուզում զրկվել իշխանությունից, քանի որ իրենց անձնական բարեկեցության ապահովման, արդեն նաև անձնական անվտանգության ապահովման միջոց է, քանի որ տեսնում ենք, որ այս իշխանությունները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից մինչև մյուս պաշտոնյաներ թաքնվում են ոստիկանական պատի հետևում»,-նշեց Վանեցյանը։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ընդդիմադիր պատգամավորները կարող են իրենց հուզող հարցերը հնչեցնել ԱԺ-ում ու ստանալ պատասխաններ, Վանեցյանն ասաց, երբեք չի մասնակցել կառավարության հետ հարց ու պատասխանին։
«Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է։ Ես հայտարարել եմ, խորհրդարանում այլևս անելիք չունեմ, փողոցում եմ իմ ժողովրդի հետ։ Խորհրդարան վերադառնալու կոչեր, խնդրանքներ, հորդորներն անիմաստ եմ համարում»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
- Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
- Մարդիկ, մի փոր կուշտ հացի համար կատարելով Նիկոլի հրահանգները, նրա հետ միասին վաճառում են մեր հայրենիքը․ Աշոտյան
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- Կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է․ Իշխան Սաղաթելյան