Ըստ Փաշինյանի՝ աշխատատեղերի թվի աճն ուղիղ համեմատական է աղքատության տոկոսի աճին
Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հերթական «ռեկորդային» ցուցանիշի՝ 2018 թվականի համեմատ ներկայում 123, 310-ով ավելի աշխատատեղ ունենալու մասին, որը 5,000-ով ավելացել է սույն թվականի ապրիլին: Հրապարակված վիճակագրության փաստով Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին:
«Նախ պետք է նշել, որ այդ թվերը, որոնք հայտարարվում են կառավարության որևէ ներկայացուցչի կողմից, որևէ պաշտոնական աղբյուրում չկան: Սա, ըստ էության, դարձել է հերթական կարգադրությունը պետական վիճակագրական մարմիններին՝ նման թիվ ներկայացնելու համար: Այն հերթական անգամ վկայում է, որ մեր պետական համակարգում գործում է վերևից պատվեր իջեցնելու թվանկարչության արատավոր երևույթը, ինչի հետևանքով մենք չենք կարողանում ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն աշխատանքի շուկայի, տնտեսական իրավիճակի, աշխատավարձի մեծության վերաբերյալ:
Երբ նայում ենք եղած պաշտոնական թվերին, ապա ստացվում է, որ 2022 թ. առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտը 5.4% անկում է գրանցել, իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսի համեմատ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 7 % անկում:
Գյուղատնտեսության ոլորտում է զբաղված մեր բնակչության 1/3-ը, արդյունաբերության ոլորտում էլ ընդգրկված են զբաղվածների 15-20 %-ը: Ստացվում է, որ մենք գյուղոլորտում և արդյունաբերությունում ունենք անկում, բայց հայտարարում ենք, որ աշխատատեղերն ավելանում են: Այսինքը՝ պաշտոնական թվերը, տնտեսական իրավիճակը, որը ներկայացնում է Վիճակագրական կոմիտեն և պաշտոնյաների ներկայացրած աշխատատեղերի թվերն ուղղակի իրար չեն համապատասխանում: Այսօր աշխատատար ոլորտներում անկում է գրանցվում, բայց աշխատատեղերն ավելանում են: Սա տնտեսական տրամաբանությունից և օրինաչափությունից դուրս երևույթ է:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա պետք է ասեմ, որ երբ Վիճակագրական կոմիտեն միջին աշխատավարձի թիվ է ներկայացնում՝ որոշակի գործակիցներ են ներդնում, որի հետևանքով օրինակ կարելի է 30 հազար աշխատավարձը դարձնել 250-260 հազար դրամ: Փաստն այն է, որ իմ շրջապատում, քննարկումների տարբեր հարթակներում երբ խոսում ենք աշխատավարձի բարձրացման մասին, պարզվում է, որ իրենց հայտարարած երևույթն գոյություն չունի:
Օրինակ՝ հայտարարվում է, որ ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսի համեմատ 17-18 % աշխատավարձի աճ է գրանցվել, բայց թե ո՞ր ոլորտում է այն գրանցվել և ովքե՞ր են օգտվել դրանից, պարզ չէ: Այդ մարդիկ ուղղակի չկան: Անշուշտ, IT ոլորտում, հանքարդյունաբերության մեջ կա աճ, այնտեղ աշխատավարձերի շարունակական երկնիշ աճ ենք ունենում, բայց վերամշակման և հանրային ծառայության ոլորտում նման զգալի աճեր ուղղակի չկան»,-ասաց տնտեսագետը:
Panorama.am-ը հիշեցրեց, որ Փաշինյանը նաև հայտարարել է, որ եկամտային հարկի գծով օրենսդրական փոփոխություններից հետո 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ է եղել:
Սուրեն Պարսյանն արձագանքեց. «Եկամտահարկի նման մուտքագրում հնարավոր է, քանի որ ապրանքների միջին գները և միջին անվանական աշխատավարձն աճ է գրանցել: Բայց այն եկամտահարկի համահարթեցման օրենքով չի պայմանավորված, ինչպես իրենք են ասում: Այդ օրենսդրական փոփոխությամբ խորացվել է եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը: Իրենք հասարակության հարուստների և աղքատների միջև եղած անդունդն ավելի են մեծացրել:
Մեր բնակչության մեջ կան մարդիկ, որոնց կենսամակարդակը կտուկ լավացել է, բայց իրականում ավելի մեծ թվով մարդկանց վիճակը կտրուկ վատացել է, որովհետև 180 հազար դրամից ավել ստացողների թվաքանակը չի ավելացել, մնացել է նույն մակարդակի վրա: Բնակչության մոտ 60 %-ը կրկին ստանում է մոտավորապես 180 հազար դրամ աշխատավարձ»:
Panorama.am-ի վեր հանած պետական վիճակագրական տվյալներով՝ 2018 թվականին ՀՀ-ում աղքատության մակարդակը 23 % էր, 2019-ին՝ 26%, 2020 թ.-ին՝ 27%, իսկ Համաշխարհային բանկի վերջին վերլուծության մեջ ասվում է. «Ելնելով կանխատեսվող մակրոտնտեսական ազդեցությունից՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը (վերին միջին եկամուտ ունեցող երկրների աղքատության մակարդակով) 2022թ․-ին կարող է հասնել բնակչության 39․6%-ին, ինչը 3 տոկոսային կետով բարձր է նախորդ կանխատեսման համեմատ։ Խոցելիությունը կարող է աճել՝ պայմանավորված դրամական փոխանցումների նվազմամբ, կոմունալ վճարների բարձրացմամբ և սննդամթերքի գների աճով»:
Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում անշեղորեն ավելանում է աշխատողների թիվը, բայց դրա արդյունքում առաջանցիկ տեմպերով աճում է աղքատության մակարդակը:
Ա. Վարդանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան