Սպառողական գները հունվար-ապրիլին աճել են 7.4%-ով
2022 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9․4%։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ-ի ապրիլ ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 8․8%:
Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա չորս ամիսներին աճել է 2.6%-ով, իսկ 2021թ-ի ապրիլի համեմատ՝ 1․2%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է 9%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14․1%-ի աճ։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.8%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 23․5%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-ապրիլին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.4%-ով, իսկ 2021 թ-ի ապրիլի համեմատ՝ 8.4%-ով։
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 33․8%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 25․2 %-ով, ներմուծումը՝ 39․1%-ով:
Դրամի փոխարժեքն էլ ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 482,55 դրամ:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն մի քանի ամիս է հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, մինչդեռ տարիներ շարունակ մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։