Ողջույն հայ ժողովրդին՝ Դեր Զոր ուխտավայրից. Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Սիրիա այցի ընթացում եղել է նաև Դեր Զորում։
«Դեր Զորի համազգային ուխտատեղից, Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում եմ մեր ժողովրդի սիրելի զավակներին»,- գրել է Արամ Առաջինը։
Նա նշել է, որ Դեր Զորը Հայոց ցեղասպանության հոմանիշն է․ «Արդարև, չի կարելի ամբողջական ճանաչել Հայոց ժամանակակից պատմությունն ու հատկապես Ցեղասպանությունը, առանց Դեր Զորի, որ դարձել է հազարավոր հայերի մահվան քարավանի վերջին կայարանը»։
«Այսօր, քարուքանդ վիճակում է մեր ժողովուրդի կողմից կառուցված այս ուխտատեղին, որովհետև նույն ցեղասպանն է անցել այս վայրով։ Սակայն մենք չենք հուսահատվում, մենք վճռած ենք վերաշինել Դեր Զորի ուխտատեղին։ Նայեցեք մեր ժողովրդի պատմությանը. ուրիշները քանդել են, մենք՝ վերաշինել, ուրիշները հուսահատություն են մեր կյանքում սերմանել, սակայն մենք հույս ենք ներշնչել մեր ժողովրդին, ուրիշները մահով են շրջապատել մեզ, մենք կառչած ենք կյանքին։
Այսօր եկել ենք Դեր Զոր՝ մեր վճռականությամբ վերահաստատելու՝ համազգային ջանքերով պիտի վերաշինենք Դեր Զորը։
Եկել ենք Դեր Զոր մեր համազգային պայքարը շարունակելու, մեր կամքը ամրացնելու՝ ի խնդիր Ցեղասպանության ճանաչման և մեր իրավունքների հատուցման։
Փառք ու պատիվ Դեր Զորի գողգոթայով անցած և հարություն առած մեր ժողովրդին»,- գրել է Արամ Առաջինը։
Ամբողջական՝ Կիլիկիո կաթողիկոսության կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան