Կառավարությունն առաջարկում է «կուլ տալ» ևս 8 համայնք՝ հասցնելով 71-ի
«2016 թվականից մինչ այսօր Հայաստանի 908 բնակավայր է միավորվել, խոշորացվել 72 համայնքների մեջ և մենք հիմա ունենք 72 խոշորացված համայնք և 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք Երևանը և Գյումրին են և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրեր»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը և հարակից օրենքների փաթեթը:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է նախկինում խոշորացված 13 համայնքը (141 բնակավայր) միավորել 5՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջում և դրանով վերադառնալ միավորման շրջանային մոդելին:
Ըստ Սանոսյանի՝ դրա արդյունքում Հայաստանում կլինի 64 խոշորացված համայնք, իսկ ներկայում գործող 79 համայնքը կդառնան 71, որն էլ կարվի սեպտեմբերի 25-ի ընտրությունների ժամանակ:
Փաշինյանն էլ հայտնեց, որ նաև կառավարության տարածքային քաղաքականության մոդելը պետք է փոխվի:
«Պետք է անդրադառնանք մարզպետարանների և մարզերի կառուցվածքին, որն ունի արդյունավետության և քաղաքական կարևոր բաղադրիչ, բայց այս փուլում դեռ համայնքների հարցով ենք որոշում կայացնում և անհետաձգելի ենք համարում,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Չպետք է սպասենք, որ օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ տեսնենք, որ ծանրաձող, բոթաս կամ պայուսակ չկա»
- Եթե տեսնենք, որ նպատակային չէ, կդադարեցնենք սուբսիդավորումը. Փաշինյան
- Երկրի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը. Փաշինյան