Թե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանին
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին ԲԴԽ-ից առաջարկել են հինգ հոգով բարձրանալ վերև։
44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասաց փոխանցեն՝ չեն համաձայնվում այդ առաջարկին, չեն բարձրանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մոտ։
«Հաղորդեք, որ ինքը պետք է իջնի։ Գլխավոր դատախազն իջավ, իր չիներն այդքան բա՞րձր են, որ չի իջնի»,- ասաց նա։
Կ. Տոնոյանի խոսքով, երես չունեն, որ ողջ հանրապետությունը տեսնի, թե ինչպես են պատասխանում ծնողներին։
«Եթե համարձակություն ունենային, կիջնեին։ Կարծում եմ՝ իրենց համար պետք է պատիվ լիներ իջնեն ու մեզ հետ հանդիպեն, նախ և առաջ մենք ենք վճարում իրենց աշխատավարձերը մեր հարկերից, նաև այստեղ հավաքված ծնողները տվել են իրենց զավակներին, որպեսզի իրենք այսպես թանկ-թանկ սենյակներում նստեն ու շատ վատ կառավարեն, կեղծեն, ողջ դատական համակարգը ուզուրպացնեն։ Ի՞նչ ունեն մեզանից վախենալու։ Եթե վախենալու բան չունեն, պետք է իջնեն։
Համարում եմ՝ վախկոտության դրսևորում է կամ չափազանց մեծ հպարտության։ Իրենց վարչապետն ասում էր՝ հպարտ քաղաքացիներ, իրենք էլ այս չորս տարում հպարտությունը երևի բազմապատկել են»,- ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ եթե չիջնի Գագիկ Ջհանգիրյանը, իրենք կփորձեն մտել։
«Թե վախկոտ չես, դուրս արի» բղավում են ԲԴԽ դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատներն ու քաղաքացիները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իջնի ներքև, լսի իրենց, սակայն ԲԴԽ-ից առաջարկել են հինգ ծնող մտնեն ԲԴԽ։
«Ինքը պարտավոր է իջնել։ Եթե կա Հայաստանում մարդկանց խումբ, ում առջև պետք է իջնես, խոնարհվես, աչքերի մեջ նայես, դա մեր հերոս տղաների ծնողներն են։ Դա վերաբերում է ցանկացածին՝ լինի պաշտոնյան, թե ոչ։ Պետք է գաս, խորհարվես, նայես աչքերին։
Պարտավոր եք իջնել»,- ասաց Վարդևանյանը։
«Պարոն Ջհանգիրյան, եթե ընդամենը տաս րոպեից կամ մենք՝ ծնողներով ներս չեկանք կամ դուք չիջնեք, մենք գալիս ենք, ծնողների ու ոստիկանների բախումը մնում է ձեր խղճին»,- հայտարարեց Կարին Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է ծնողներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
- Քաղաքացիները երթով գնում են ԲԴԽ՝ միանալու զոհված զինծառայողների հարազատներին
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին