Իսրայելն է կանգնած Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների սպա Խոդայի սպանության հետևում.
Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ի վարչակազմին ծանուցել են, որ իրենք են կանգնած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպա Հասան Սայադ Խոդայի սպանության հետևում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզական շրջանակների իր աղբյուրները։
Ըստ The New York Times-ի՝ Խոդայի սպանության նպատակը «Իրանին նախազգուշացում էր»՝ կանխելու «օտարերկրացիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների սպանությունների» հավանական գործողությունները: Թերթի աղբյուրները պնդում են, որ Խոդայը եղել է ԻՀՊԿ գաղտնի ստորաբաժանման հրամանատարության կազմում, որն իբր իրականացնում է այդ գործունեությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Խոդայի մեքենայի վրա, որը Թեհրանի արևելքում գտնվող նրբանցքներից մեկում մեքենայով բարձրացել է իր տուն։ Հարձակմանը մասնակցել էին մոտոցիկլետ վարող երկու մարդ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի իշխանությունները վրեժ են լուծելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետի սպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար. ԱՄՆ գործողությունները կարող են հանգեցնել Իրանի հետ «կործանարար պատերազմի»
- Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը Կարմիր ծովում
- Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում սպանվել է ԻՀՊ կորպուսի գեներալի որդին