Յաբլոնսկի. Խաչատրյանը մեծագույն կոմպոզիտոր է, և նրա անվան մրցույթ ունենալը միայն ավելի է ապացուցում նրա մեծությունը
Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը թավջութակ մասնագիտությամբ։ Երաժշտական այս ստուգատեսը նպատակ ունի բացահայտելու երիտասարդ տաղանդաշատ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնելու Արամ Խաչատրյանի արվեստը։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից Panorama.am-ին հայտնում են, որ այս տարի մրցույթի շրջանակներում սպասվում է թեժ մրցակցություն, քանի որ առաջին փուլ անցնելու իրավունք են ստացել տարբեր երաժշտական դպրոցներ, երկրներ ներկայացնող և արդեն իսկ հաջողություններ գրանցած թավջութակահարներ։
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի երաժիշտներ, նրանց թվում է նաև «Գրեմմի» մրցանակի նոմինացված թավջութակահար և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին: Նա նշում է, որ մեծ հարգանքով է վերաբերվում Խաչատրյանի երաժշտությանը։ Պարոն Յաբլոնսկին ձայնագրել է Խաչատրյանի մի քանի ստեղծագործություն։
«Խաչատրյանը մեծագույն կոմպոզիտոր է, և նրա անվան մրցույթ ունենալը միայն ավելի է ապացուցում նրա մեծությունը»,- ասում է Յաբլոնսկին։
Ժյուրիի անդամը Երևանում անցկացվելիք երաժշտական ստուգատեսի շրջանակներում ակնկալում է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ թավջութակահարների։ Նա ընդգծում է, որ մասնակիցներին գնահատելիս իր համար առաջնային են կատարողական խորությունը, երաժշտական հաղորդակցությունը։ Որպես ժյուրիի անդամ էլ պարոն Յաբլոնսկին մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս ելույթ ունենալիս չթաքցնել իրենց զգացմունքները։
{աչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Մրցույթի երկրորդ և երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրերում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։