Պարոն Ջհանգիրյան, ձեզ և ձեր նմաններին կարող են վերցնել և օգտագործել. Զոհված զինծառայողի մայր
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ ևս երեք անդամի հետ հանդիպման կեսից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը դուրս են եկել։
«Ջհանգիրյանը հեքիաթներ էր պատմում։ Ես թողեցի, դուրս եկա այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը բառացի ասաց, որ մենք այս դատի հետ գործ չունենք, ասաց՝ դուք այդ դատի ժամանակ հանդիսատես եք։ Ծնողներին ասաց։ Այդ ժամանակ թողեցի, դուրս եկա, շատ տհաճ հանդիպում էր, ի սկզբանե հասկանալի, որ այդ մարդը տրամադրված է այնպես, ինչպես դատավոր Բիշարյանը։
Մենք գործ ունենք այս դատի հետ և Նիկոլը պետք է դատվի որպես դավաճան։ Մենք պետք է լինենք այնտեղ»,- լրագրողներին ասաց հանդիպման կեսից դուրս եկած զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Նահատակված զիծառայողի մայր Ալիս Գևորգյանը նույնպես շատ վրդովված դուրս է եկել հանդիպումից։
«Նախ խոսքը սկսեց մեղադրանքով, վիրավորական երանգով, որ ծնողներն օգտագործվում են քաղաքական գործիչների կողմից։ Իրեն թվում է, թե ծնողներն ուրիշ շարժառիթ չունեն այս ամենի մասնիկը լինելու համար, և մեզ քաղաքական ուժերն ուղղակի վերցնում և օգտագործում են։ Պարոն Ջհանգիրյան, ձեզ և ձեր նմաններին կարող են վերցնել և օգտագործել, իսկ այս ծնողներն իրենց երեխաների համար են այստեղ։
Պարոն Ջհանգիրյան, եթե դուք տեղյակ չեք, որ այս երկրում պատերազմ է տեղի ունեցել, դավադիր պատերազմ, որի ընթացքում մեր զավակներին ենք կորցրել, մենք մեր ամեն ինչն ենք կորցրել։
Անհնար էր մասնակցել այդ վատ բեմադրած ներկայացմանը, որի գլխավոր դերում Գագիկ Ջհանգիրյանն էր։ Շատ վատ խաղաց, բոլորովին չհամոզեց։
Ամոթ ձեզ»,- ասաց Ա. Գևորգյանը։
Նա նաև նշեց, որ Ջհանգիրյանը մերժել է ծնողների առաջին խնդրանքը՝ հանդիպմանը ներկա լինեն լրագրողները։
«Ասացին, որ իրենց օպերատորը նկարում է, ձայնագրությունն ամբողջությամբ կփոխանցեն։ Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ ձայնագրությունը չի մոնտաժվի ու հատվածաբար չի փոխանցվի»,- ասաց Ալիս Գևորգյանը։
Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Դ. Խաչատուրյանը ընդունել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին: «Հանդիպման ընթացքում զոհված զինծառայողների հարազատները բարձրացրել են իրենց հուզող խնդիրները և Խորհրդի նախագահի պաշտոնակարի կողմից ստացել սպառիչ պարզաբանումներ»,- նշում են ԲԴԽ-ից՝ հավելելով, որ ներկայացնում են հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով հանդիպում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ և իրենց խնդիրները բարձրաձայնելու։ Մասնավորապես, ծնողները պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով՝ թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: Թեև սկզբում Ջհանգիրյանն առաջարկել էր հանդիպել 5 ծնողի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին, պահանջեցին հենց ԲԴԽ նախագահը գա իրենց հետ հանդիպման։ Ի վերջո, 30 ծնողով մտան ԲԴԽ։
Հարակից հրապարակումներ`
- Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան
- Զոհված զինծառայողների հարազատները մտնում են ԲԴԽ
- Թե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
- Քաղաքացիները երթով գնում են ԲԴԽ՝ միանալու զոհված զինծառայողների հարազատներին
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը