ՌԴ-ում հնդկաձավարի մեկ տոննայի գինը նվազել է 800-1300 ԱՄՆ դոլար, Հայաստանում ամենաէժանը 1750 դոլար է
«Կոմերսանտը» անդրադարձել է ՌԴ Գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի (IKAR) տվյալներին, ըստ որոնց՝ մարտի վերջին մեկ տոննայի դիմաց առավելագույն 93,25 հազար ռուբլու հասնելուց հետո հնդկաձավարի միջին մեծածախ գները սկսել են նվազել։ Մայիսի 20-ին գներն անկել են գրեթե 13%-ով՝ հասնելով 81,32 հազար ռուբլու։ Սա մոտավորապես համապատասխանում է անցյալ տարվա նոյեմբերի մակարդակին և 23,1%-ով բարձր է մեկ տարի առաջ եղած այս հացահատիկային ապրանքի արժեքից։
IKAR-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Գլազունովան հնդկաձավարի գների անկման դինամիկան կապել է, առավելապես՝ պահանջարկի անկման հետ։ Նրա խոսքով, մարտի վերջից մինչև մայիսի երկրորդ կեսը Ալթայի երկրամասում հնդկաձավարը մեկ տոննայի դիմաց 55-57 հազար ռուբլուց էժանացել է մինչև 50-52 հազար ռուբլի՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ըստ մասնագետի՝ պահանջարկի անկման պատճառը մինչ այդ եղած աննախադեպ բարձր պահանջարկն էր եղել:
Պարզելու համար, թե ինչքանով է այն ազդել Հայաստանում վաճառվող հնդկաձավարի գների վրա Panorama.am-ը դիմեց ՊԵԿ-ից: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տվյալ ամսին ներմուծվող ապրանքների վերաբերյալ տնտեսվարողներից ստացվող տվյալները ամփոփվում են մինչև հաջորդ ամսվա կեսերը, հետևաբար մայիսի տվյալները կամփոփվեն հունիս ամսվա ընթացքում:
ՊԵԿ կայքում հրապարակված վերջին՝ 2021 թվականի ներմուծված ապրանքների ցանկում հնդկաձավարն առանձին տողով տրված չէ, այն կորեկի և սերինոսահատիկ սերմի հետ նույն դասիչի ներքո է և 2021 թվականին Հայաստան է ներմուծվել 754.7 հազար դոլարի ապրանք՝ 2020-ի 665 հազար դոլարի դիմաց:
Panorama.am-ը կապ հաստատեց «Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված հնդկաձավար ներմուծող ընկերությունների հետ: Նրանց մի մասը հայտնեցին, որ այս պահին չեն գործում: Ընկերություններից մեկի տնօրենը տեղեկացրեց, որ հնդկաձավարն իր ընկերությունում սպառվել է և վերջին խմբաքանակն ապրիլ ամսին վաճառել է մեկ կիլոգրամը 740 դրամով:
Մայիս ամսին Երևանի խոշոր առևտրի ցանցերից մեկում զեղչի կարճ ակցիայով հնդկաձավարը վաճառվեց 730 դրամով:
ԱՄՆ դոլարի համարժեքությամբ՝ ՌԴ-ում մեկ տոննա հնդկաձավարի գինը 1500 դոլարից հասել է 1300 դոլար: Հայաստանում ամենաէժան գինը մայիսին է արձանագրվել՝ 1750 դոլար, իսկ հիմնական գինը մեկ տոննայի դիմաց դեռ գերազանցում է 1800 ԱՄՆ դոլարը:
Ստացվում է որ ՌԴ-ում, որտեղից կատարվում է հնդկաձավարի հիմնական ներմուծումը, մայիսին մեկ տոննայի գինը նվազել է մինչև 1300, իսկ Ալթայի երկրամասում նույնիսկ հասել800 դոլարի, իսկ Հայստանում դեռ դրա ամենաէժան գինը 1750 դոլարն է:
Ավելորդ չէ հիշեցնելը, որ մինչև 2020 թվականը Հայաստանը հնդկաձավար էր ներմուծում նաև Արցախից, իսկ ադրբեջանական զինուժի կողմից հողերի բռնազավթման հետևանքով արդեն Արցախի Հանրապետությունն ինքն է դարձել ներկրող: Հայաստանում արտադրվում է սպառվող հնդկաձավարի 3-4 %-ը միայն, մնացածը հիմնականում ներկրվում է ՌԴ-ից:
Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգի նշանակությունը Հայաստանի համար. «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»
- Հնդկաձավարը սպառնում է կրկին հայտնվել instagram-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին