Վահե Հովհաննիսյան. Սահուն և խաղաղ իշխանափոխության հարցում ուժայիններն ունենալու են կարևոր դերակատարում
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Կա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը։
Հասկանալ Նիկոլին
Նա չի փոխվում՝ ո´չ դեպի լավը, ոչ՝ վատը։ Կա Նիկոլի կոնստանտ։ Նրա հետ բանավեճի, քննարկման որակը չի փոխվելու։ Նա ամենաբարդ ու կարևոր թեմաները իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի։ Ապշելու բան է, ինչպես է Նիկոլը ընդդիմության հանդեպ մեկ րոպեանոց շահեկանության համար վնասում պետության շահին, ինչ ջանասիրությամբ է Արդբեջանին տալիս բանակցային և այլ հաղթաթղթեր, ինչ հեշտ է ամենավտանգավոր ձևակերպումները դնում շրջանառության։
Նույնիսկ Նիկոլից եկող վտանգն է նույնը, ոչ ավել, ոչ պակաս։ Եթե նա կարող էր կոպիտ սխալներ անել մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել պատերազմից հետո։
Հարցն ունի նաև այլ տեսանկյուն. այս մարդուն այնքան է ասվել դավաճան, հայրենավաճառ, թուրք և այլն, և մտովի այնքան հաճախ է նա ուղարկվել երկարատև բանտարկության ու այլ դատաստանների, որ նրա համար իշխանություն պահելը դարձել է միակ արժեքավոր գաղափարը։ Եթե նույնիսկ դրա գինը լինի «Զվարթնոց» օդանավակայանը Ադրբեջանին հանձնելը, նա համաձայնելու է։ Ժամանակին տարբեր շրջանակներից հնչել է պետության շահի համար նրան անձնական երաշխիքներ տալու կարևորության գաղափարը, որն այս պահին էլ կա, բայց ցավոք, դա չգիտակցվեց։
Հասկանալ իշխանությանը
Պետք է շատ լավ հասկանալ, թե այսօր ինչ ասել է իշխանություն։ Պետությունը մատնված է ինքնահոսի, որևէ լուրջ ծրագիր, որևէ լուրջ բարեփոխում երկրում չկա, կա ցաքուցրիվ իներցիա։ Հայաստանում առկա է կառավարման անոմալիա: Կա մի հոգի, որն ասում է. և´ իշխանությունն եմ ես, և´ պետությունը: Ինքն իրեն շրջապատել է ոստիկանական զորքերով, ինքը հասարակ քաղաքացու համար շոշափելի չէ, չես կարող հետը խոսել: Այդ մարդը նստում է պետության միակ ինքնաթիռը, գնում է աշխարհի կենտրոններ՝ Բրյուսել, Մոսկվա, որևէ մեկի՝ հանրությանը և քաղաքական շրջանակների հետ չխորհրդակցելով, կայացնում է ճակատագրական որոշումներ, գալիս է ինչ որ պայմանավորվածությունների, որոնց մասին մենք առաջինը իմանում ենք օտար աղբյուրներից: Կառավարման անոմալիան հետևյալն է. մեկ անձը միայնակ որոշումներ է կայացնում, և դու խոշորացույցով կարդում ես միջազգային մամուլը, որ տեսնես, թե քո, քո երեխաների, քո երկրի շուրջ ինչ է պայմանավորվել: Մնացած իշխանական գործառույթներն արվում են կառավարչական խիստ ցածր որակներով։
Հասկանալ պետական համակարգը
Թվում է, թե հիմա, երբ վերածվել ենք կիսապետության և կանգնած ենք նոր պատմական կորուստների առաջ, պետական համակարգը, որպես սոլիդության և գրագիտության որոշակի արժեքների կրող, պետք է ռեակցիա տար։ Բայց դա առ այս պահը չկա։ Կա երկու հարթություն. պետական համակարգի մի հատվածն իսկապես չի հասկանում, թե ինչ է կատարվում, և կա այլ հատված, որը չի ուզում հասկանալ։ Նիկոլը պարտք է վերցնում երկրի անունից, մեծացնում է արտաքին պարտքն ու վճարում է պետական համակարգին՝ նրան իր շուրջը պահելու համար։ Եվ բնական է, որ շատերը պետք է ձևացնեն, թե չեն հասկանում, թե ինչ է կատարվում, խաղան անտարբերություն, բերեն հազար ու մի պատճառ՝ հարթակի որակից մինչև աշխարհաքաղաքական լեգենդներ։
Պետք է ըմբռնումով վերաբերվել պետական համակարգին և մարդկանց պարզ մարդկային խնդիրներին՝ տուն պահել, վարկեր, աշխատատեղ կորցնելու մտավախություն և այլն։ Հարգանքով վերաբերվել և գտնել լուծումներ՝ մթնոլորտը փոխելու։
Կա նաև երրորդ ուղղությունը պետական համակարգում՝ կոլաբորացիոնիստները։ Շատերը, ովքեր նոյեմբերի 9-ից հետո ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին, ընտրություններին աշխատում էին ընդդիմադիր շտաբներում, Նիկոլին անվանում էին բոլոր հայտնի ձևակերպումներով, բայց հետո, առաջարկներ ստանալով, հանգիստ տեղավորվեցին Նիկոլի իշխանության մեջ։ Այս շերտին ուղղակի պետք է վերաբերվել որպես փաստ։ Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում նման շերտ կա։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ խոսքը քաղծառայության համակարգի մասին չէ։
Հասկանալ հասարակությանը
Ակնհայտ է, որ հասարակության շատ մեծ հատված չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Չի հասկանում կատարված աղետի ծավալները, չի հասկանում այս պահին տեղի ունեցողը, չի հասկանում առաջիկա սուր ռիսկերը։ Չի հասկանում խաղաղության հապշտապ պայմանագրի և անկլավների հարցի էությունը։ Չի հասկանում նույնիսկ, որ սխալ քայլերի հետևանքով կարող է պատերազմ լինել, կարող է պետությունը կորցնել, նույնիսկ չի հասկանում, թե ռուս-ուկրաինական ճգնաժամը որքան ուղիղ է կապված իր անվտանգության հետ։
Հասարակության մի շատ մեծ հատված իսկապես չի հասկանում, թե ինչի մասին է այս շարժումը։ Հենց այլ պատճառով էլ իշխանությունը շատ լավ աշխատացնում է «նախկինների» նարատիվը կամ ցանկացած այլ գործչի սիրելու կամ չսիրելու բամբասանքը։
Եթե հասարակությունը հասկանար, թե խոսքը ինչի մասին է, ապա իսկապես որևէ ընդդիմություն պետք չէր լինի, միայն Նիկոլի ելույթները բավարար կլինեին զուտ անվտանգության բնազդով իջնելու փողոց ու պահանջելու անվտանգության ապահովում։
Մեր հասարակությունը երբեք չի եղել պետական մտածողության կրող ու հիմա՝ պատերազմից ու պարտությունից հետո, գտնվում է ազգային և քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Բայց սա դատավճիռ չէ։ Մենք սա պետք է ընդունենք որպես իրողություն և հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։
Հասկանալ հրապարակը
Ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Տեղի է ունեցել ազգային գաղափարներով մոտիվացված հանրության կոնսոլիդացիա։ Ստեղծվել է հերթափոխով ընտանքիներով հանրահավաք, երթ գնացող համայնք, որտեղ ձևավորվում են համայնքին յուրահատուկ կապեր՝ մարդկային, գաղափարական, էմոցիոնալ, ապրումակցային և այլն։ Բավական բարձր ինտելեկտուալ հրապարակ է և, իհարկե, փայլուն երիտասարդություն։ Ձևավորվել է տնից, էկրաններից հրապարակին հետևող կայուն համայնք, որն իրեն մասնակից է զգում պրոցեսին։ Շատերն են նկատում, որ հանրահավաքների կազմը տարբեր օրերի զգալի փոխվում է։ Սա նորմալ է, որովհետև ցանկացած մարդ ունի անձնական, ընտանեկան և այլ հարցեր։ Այս համայնքն այլևս ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու։
Հասկանալ հարթակը
Այն գործիչները, որ սկսեցին շարժումը և մի քանի շաբաթ է՝ տանում են պրոցեսը, արել են մեծ ու կարևոր աշխատանք, հասել են հստակ արդյունքների։ Հիմա պահն է՝ կողքից նայելու։ Սա շատ կարևոր է՝ ճիշտ առաջ շարժվելու համար։
Հայաստանի շահը պահանջում է հարթակի բովանդակային և որակական վերափոխում։
Մենք պետք է ելնենք այն կետից, որ «Լաոն» արդեն զարթնել է, և այլևս անիմաստ է նրան նորից անընդհատ արթնացնել։
Զարթնած Լաոն ունի շատ հարցեր, ու մենք սա պետք է հասկանանք ու սկսենք այդ հարցերին պատասխանել, խոսել «Լաոյի» հետ, և ոչ թե զարթնած մարդու ականջին անընդհատ կրկնենք՝ զարթնի´ր։
«Զարթնած Լաոյի» բազմաթիվ հարցեր տեղավորվում են մեկ ձևակերպման մեջ՝ «Հետնիկոլական Հայաստանի նկարագրություն»։ Սա շատ առարկայական խոսակցություն է, որը չի պահանջում բարձր գոռալ, քայլել, նույնիսկ՝ փողոց փակել, լրիվ հակառակը։
Հետևաբար՝ դիմադրության շարժման հակաթուրքական առանցքը, որը չի հասկացվում ո´չ հարևանների, ո´չ միջազգային հանրության, ո´չ միջնորդների կողմից, իսկ հայ հասարակության մի լայն շերտի ուղղակի վախեցնում է, պետք է վերափոխվի՝ «հետպատերազմյան Հայաստանի վերելքի» բովանդակութան։ Այս վերափոխումը շատ սահուն կբացի նոր շերտերի, նոր շրջանակների մուտքը թե´ հարթակ, թե´ հրապարակ, հետևաբար՝ նոր թարմություն, նոր ասելիք և կոնսոլիդացիայի նոր մակարդակ կբերի։
Հարթակի լուծելիք կիրառական խնդիրներն արդեն ուրիշ պետք է լինեն։ Այն, ինչը փոփոխության ենթակա է, պետք է փոխել։ Վերը նշած կետերից միայն Նիկոլն է կոնստանտ. նրան վերափոխել հնարավոր չէ։ Մնացածը՝ պետական համակարգի, իշխանության, հասարակության տրամադրությունները, կարելի է և պետք է փոխել։
Հասարակության և պետական համակարգի ճնշող մեծամասնության հետ պետք է հանգիստ և համբերատար խոսել, բացատրել, նորից պարզաբանել, այլ ձևակերպումներով խոսել։ Համակարգված աշխատելու դեպքում սա միանգամայն հնարավոր է. փողոցն ընդդիմության ձեռքում է, մեդիայի զգալի ռեսուրսներն առկա են, հանրային գործիչների տոտալ աջակցությունը առկա է։
Զուգահեռ պետք է ուժեղացնել ճնշումները իշխանության և պետական համակարգի կոլաբորացիոնիստների հանդեպ։ Եվ հնարավորինս հանգիստ թողնել ուժայիններին։ Նրանք անում են իրենց գործը, որոշակի բացառություններով՝ անում են պատշաճ։ Պրոցեսը քաոսի չվերածելու հարցում ուժայինները կարևոր պետական առանցք են։ Եվ վերջապես, սահուն և խաղաղ իշխանափոխության հարցում, կարծում եմ, ուժայինները ունենալու են կարևոր դերակատարում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան