Իրանի դեսպան. Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցություններ են սկսվել
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:
«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը:
Նա հավելել է, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով՝ նշելով, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են:
Բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ: