Լոռի բերդ ամրոցի պարսպի մի հատվածը և Կրասարի կամուրջը կվերականգնվեն
Կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար (8.260.000 ՀՀ դրամ):
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դեռևս 2012 թ․ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը: Պետական բյուջեից պարսպի նշյալ հատվածի վերականգնման համար 2012-2018 թթ․ հատկացվել է 89.457.440 ՀՀ դրամ: Այժմ հատկացված միջոցների հաշվին կիրականացվեն Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման մնացած աշխատանքները։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախապես հայտարարել էր մրցույթ, և արդեն կա հաղթող կազմակերպություն։ Համաձայնագրի համապատասխան՝ կնքելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները։
ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Կրասար համայնքում հաշվառված տեղական նշանակության եռաթռիչք «Կրասարի կամուրջ» (պետ. ցուցիչ՝ 7.58.5) հուշարձանի արևմտյան կողմից թռիչքների պատերի մի հատվածը մասնակի փլուզվել է: Փլուզման պատճառով կամրջի վրայի խողովակաշարը անջատվել և ընկել է գետը՝ վնասելով վերևի հատվածի քարերի շարվածքը։
ՀՀ Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը 1892 թվականին կառուցվել է Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնական կապող ճանապարհն է հարևան Սեպասար գյուղի հետ և ներկայում գտնվում է վթարային վիճակում: Եռաթռիչք է, կառուցված է կոպտատաշ գորշ տուֆով, թռիչքների եզրագոտիները սրբատաշ են:
Առաջիկայում մրցութային կարգով կպատվիրվեն կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։