«Հայաստանի ու Արցախի իշխանությունները տեր ու ծառայի կարգավիճակում են»
Հայաստանում և Արցախում հասարակության զգալի մասի պահանջը նույնն է՝ թրքահաճ իշխանություններն իրենց ձեռքերը հեռու պահեն հայոց պետականությունից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանում մեկ ամիս շարունակ ծավալված շարժմանն արձագանքում են Ստեփանակերտից։
Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
Panorama.am-Մի կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստեր է գումարում, մյուս կողմից այդպես էլ չի ընդունում որոշում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ներկայացնել, նրա անունից ու նրա վրա ազդող բանակցություններ չպիտի վարի։ Եվս մեկ-երկու հերթափոխ, ու Փաշինյանը Արցախը կթողնի առանց ռազմական որևէ աջակցության։ Արցախի վիճակը կմնա արցախցիների, հայաստանցի կամավորների, ռուսների ու ադրբեջանա-թրքական որոշումների ու գործողությունների հետևանքում։ Ի՞նչ որոշակի ծրագիր ունեք ու ինչ պահանջ այս իրավիճակում։
Մետաքսե Հակոբյան- Հայաստանի իշխանությունները պարտավոր են ներկայացնել Արցախը բանակցային գործընթացում, այլ հարց է, թե ինչպես են ներկայացնում։ Մինչև 2018 թվականը բանակցային գործընթացում Արցախի և Հայաստանի իշխանությունները գործընկերային հարաբերություններ են ունեցել և այդքան տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակում Արցախին, Հայաստանին ու հային ի նպաստ բանակցություններ են վարել։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են միշտ ներկայացնել Արցախը միջազային հարթակներում։ Այստեղ ոչ թե մենք պետք է արգելենք Հայաստանի իշխանություններին, անունն ուզում է Նիկոլ լինի կամ այլ բան, ներկայացել, այլ պետք է կարողանանք ազդեցություն ունենալ, թեև, փաստորեն, վերջին 4 տարում այդ հնարավորությունն այլևս չունենք, քանի որ այս իշխանությունները հենց Արցախը հանձնելու նպատակով էին եկել։
Պատերազմից հետո մտածում էինք, որ Արցախի իշխանությունները պարտավոր են ստիպել Հայաստանի իշխանություններին։ Չունեն այդ հնարավորությունը, ունակ չեն, չեն կարողանում, Հայաստանի ու Արցախի իշխանությունները տեր ու ծառայի կարգավիճակում են։ Դրանից ելնելով՝ ընդդիմությունն ավելի կոշտ դիմադրություն ձևավորվեց այն առումով, որ եթե չի ստացվում ստիպել այս իշխանություններին կատարել հայանպաստ գործեր, հետևաբար պետք է իրենց հեռացնել։ Պետք է գան ազգային գաղափարով, հայանպաստ քաղաքականություն վարող իշխանություններ։
Եթե Արցախի իշխանությունը, նախագահը միանար ընդդիմությանը, շատ ավելի լավ կլինի, բայց դա իրենց գործն է։
Հայաստանի ու Արցախի ղեկավարները փորձում են մոլորեցնելով համոզել ժողովրդին, որ հայկական երկու պետությունների իշխանությունների միջև գործընկերային հարաբերություններ են։ Չկան։ Փաստն այն է, որ որևէ հանդիպման ժամանակ ներկա չեն արտաքին գործերի նախարարները, համատեղ քաղաքականություն չի մշակվում։ Կարելի է եզրակացնել, որ երկու հայկական պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև հարաբերություններ չկան, դրանից էլ բխում է, որ արտաքին քաղաքականությունը համատեղ չի մշակվում։
Վերջերս հաճախ ենք լսում, Փաշինյանն էլ բազմաթիվ անգամ ասել է, որ Արցախի իրենց գործընկերներին իրենք տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, անպայման տեղյակ կպահեն Արցախի ժողովրդին։ Այսինքն, իմ ճակատագիրը որոշում է Նիկոլ Փաշինյանը ու դրանից հետո ինձ տեղյակ է պահում։ Ոչ։ Այդպես չի լինում։ Ակնհայտ ընդունում են, որ միանձնյա որոշումներ են կայացվում, ինչի հետևանքները տեսանք ողջ պատերազմի ընթացքում։ Մարդիկ Ստեփանակերտում նստած՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը տեսնում են համացանցում կամ Փաշինյանի՝ բունկերում թաքնված լայֆից, այսինքն լինելով տեղում, տեղյակ չես քո ճակատագրից, ինչ վիճակում ես դու։ Սա է ամբողջ խնդիրը։
Արցախի իշխանությունները ևս պետք է միանան ժողովրդի պահանջին և փորձեն համատեղ ուժերով հեռացնել ադրբեջանամետ, թուրքամետ իշխանություններին։ Ամեն անգամ թվում է, թե անելանելի վիճակում ենք արդեն հայտնվել, բայց ամեն անգամ փնտրում ու գտնում ենք դուրս գալու ելքը։ Գնալով ավելի վտանգավոր ու անդառնալի է թվում ամեն բան։ Դրա համար պետք է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովուրդը միավորվի ու ազատվի այս իշխանություններից։
Սա է իրավիճակը։ Ի տարբերություն Հայաստանի մեր հայրենակիցների մի շրջանակի, ովքեր մտածում են, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, ամեն ինչում նախկիններն են մեղավոր, նույնիսկ ներկայիս զոհերի համար, Արցախում չկա նման մարդ, բացառությամբ մի քանի իշխանավորների ու իշխանական գրպաններից սնվողների։ Արցախում հստակ գիտեն՝ ով է դավաճանը, ինչպես են դավաճանել, ինչ է մեզ սպասվում։ Արցախի ժողովուրդը ևս միացած Հայաստանում մեր հայրենակիցներին, ամեն բան անում է այս իշխանություններից ազատվելու համար։
Panorama.am- Տիկին Հակոբյան, դուք ասում եք իշխանությունը միանա ընդդիմությանը և ստեղծված իրավիճակում միասնական հասնել հաջողության, արդյունքի։ Հնարավոր համարո՞ւմ եք նման բան, արդյո՞ք Արցախի իշխանությունները զգում են այդ սպառնալիքները ու դուրս չեն գալիս Հայաստանի իշխանությունների դեմ։
Մետաքսե Հակոբյան- Ըստ իս, զգում են։ Մարդիկ հիմար պետք է լինի, որ դա չզգան։ Դա շատ ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները չեն թաքնում իրենց գործելաոճը։ Այլ բան է՝ կամ համատեղ ջանքերով են փորձում մոլորեցնել, կամ իրոք դեռևս հավատում են, որ ամեն բան կորած չէ, Հայաստանի իշխանությունների ձեռքով հնարավոր է փրկություն։ Չեմ կարող ասել, թե իրենք որ տարբերակն են ընտրել։
Արցախում իշխանության ներկայացուցիչները ռազմաքաղաքական հմտություններ չունեցող մարդիկ են ի դեմս նախագահի։ Ինքը տնտեսագետ է, ամեն բան պատերացնում է նյութով և փողով։ Միշտ այս արտահայտությունն է անում՝ բա որ Հայաստանը Արցախին գումար չտա։ Դա ևս մոլորեցնելու ձև է կամ մոլորված լինելու, քանի որ Արցախի բյուջեն չի ձևավորվում ուղղակի նվիրատվությամբ։ Արցախի բյուջեն ձևավորվում է, օրինակ, մարդիկ գնումներ են կատարում արտասահմանում, մաքսային տուրքը Հայաստանում է վճարում։ Նաև մեր տեղական բյուջեն է ձևավորվում, մնացածն արտաքին պարտք է։
Իսկ պատերազմից հետո Փաշինյանը ներկայացում է միլիարդներ ու միլիոններ են տալիս։ Մենք բազմիցս իրենք ասել ենք՝ այդ միլիարդները, միլիոնները տալիս է, որպեսզի մենք եղբայրական գերեզման սարքենք և մեր տեղահանված հայրենակիցների համար տնանման ինչ-որ բներ սարքենք, որպեսզի կարողանան մարդուն կիսավայել ձևով ապրեն այն դեպքում, երբ իր «շնորհիվ» են այդ մարդիկ հայտնվել այդ իրավիճակում։ Դա ներկայացնել, որ ինքն Արցախ է շենացնում, ևս մեկ դավաճանություն կարելի է ընկալել։
Ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի բարբաջանքից հետո հայտարարություն ընդունեց, որին միացան ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները, արտախորհրդարանական 7 քաղաքական ուժեր, այսինքն ներկայացնելով հենց ժողովրդի ձայնը։ Այնուհետև շրջեցինք գյուղերով, քաղաքներով, զրուցեցինք մարդկանց հետ այդ թեմայով։ Բոլորն իրենց համաձայնությունը տվել են։ Ստացվում է այնպես, որ ընդդեմ Փաշինյանի այդ հայտարությանը միացավ և իշխանությունը, և ընդդիմությունը, ամբող ժողովուրդը՝ արգելելով բանակցային գործընթացում ընդհանրապես նշաձողի իջեցման մասին մտածելուց, բացառապես բանակցությունները տանել 1991 դեկտեմբերի 10-ի ինքնորշման միջազգային իրավունքի հենքի վրա, այսինքն այն ձևաչափով, ինչ Մինսկի խմբում տարիներ շարունակ տարվել է։ Ամեն դեպքում բոլորս անկախ մեր քաղաքական հայացքներից, Արցախի փրկության հարցում ունենք նույն ուղեգիծը, պահանջը եղել է, կա ու մնալու է նույնը։
Panorama.am- Ստեփանակերտում մայիսի 28-ին հանրահավաք, երթ է նախատեսված։ Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ դուրս կգա՞ն փողոց, արդյո՞ք ասելիք ունեն գործող իշխանություններին։ Նաև հաշվի առնենք, որ Արայիկ Հարությունյանի՝ 2022թ. մարտի 26-ի հրամանագրի՝ Արցախում ռազմական դրության պայմաններում սահմանափակված է երթերի, հավաքների ազատության իրավունքը։
Մետաքսե Հակոբյան-Մայիսի 28-ը տոնական օր է, Հայաստանի պետականության վերածննդի օրն է։ Կարևոր տոն, հիմա երևի դարձել է ամենակարևորներից, խորհուրդը ավելի վառ ենք ընկալում։ Այդ առումով տոնական երթերն ու արարողություններն արգելված չեն։ Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի երթ, կհնչեն կոչեր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ճանաչման պահանջ։ Ապա Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, ելույթ կունենան 88-ի շարժման հիմնադիրներից, պատերազմի մասնակից, մարդ, ով երկու որդիներին կորցրել է պատերազմների ժամանակ՝ 2016-ին ու 2020-ին։ Մարդիկ ենք, որոնք ներկայացնում են արցախյան իրականությունը, իրավիճակը։
Պայքարը, ըստ էության, նույնն է, ինչ Հայաստանում անում են մեր հայրենակիցները՝ դիմադրություն այս ազգադավ իշխանությանը։ Այստեղ պատկերը մի փոքր այլ է. յուրաքանչյուրի ընտանիքում կա սուգ՝ զոհ, անհետ կորած, գերի, չկա ընտանիք, որտեղ պատերազմն իր դաժան հետքը չի թողել։ Երևի մի փոքր այլ տեսք կունենա, բայց ամեն դեպքում խորհորդը նույնն է «Զարթնիր, լաո»։ Մարդիկ անընդհատ հարցնում են՝ արդյո՞ք Արցախը քնած է, ի վերջո բոլորս արթուն ենք, ինչ սկսվել է Հայաստանում Դիմադրության շարժումը, այստեղ բոլորն ասում են՝ բա ինչո՞ւ այստեղ մենք բան չենք անում։ Լավ առիթ է միանալու մեր Հայաստանի քաղաքացիներին․ Ստեփանակերտի հանրահավաքը կարելի է դիտարկել Երևանում կայանալիք հանրահավաքին ու երթին համատեղ մեկ պահանջով՝ թրքահաճ իշխանությունները իրենց ձեռքերը հեռու պահեն հայոց պետականությունից, Հայաստան աշխարհից, Արցախ աշխարհից, ուղղակի գնան, դատաստանի առջև կանգնել։ Միայն դա է պահանջը, այլ պահանջ չունենք։
Միակ ճանապարհը միասնությունն է, պայքարը, որպեսզի վերջում ունենանք հաղթանակ։ Այլ տարբերակ չկա։ Մենք միշտ միասին ենք եղել, այս չորս տարիներին են մեզ պառակտել տարբեր անվանումներով, ձևաչափերով։ Մենք միշտ մասին ենք եղել՝ պատերազմը դրա վառ ապացույցը, երբ Հայաստանում մեր հայրենակիցներն առանց ճանաչելու մարդկանց առաջ իրենց տան դռները բացեցին և 3-4 ամիս բարձրակարգ հյուրի նման պահեցին։ Ոչ մի արցախցի դա չի մոռանա ու չի ուրանա։ Մեր միասնականությունն անսասան է, ոչ մի իշխանություն չի կարող դա խաթարել։ Իհարկե, կան պահեր, երբ այս իշխանությունը երբեմն հասնում է կամ թվում է, որ հասնել է իր ուզածին, բայց հայկականը շատ խորն է ու չի հաջողվելու դա սպանել։
Մենք մեր պատմության ընթացքում ավելի վատ ժամանակներն ենք ունեցել, առավել քան վստահ եմ՝ մենք հաջողելու ենք։
Panorama.am–Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մենք երբեք նման անբարո, դավաճան, նյութապաշտ իշխանավորներ չենք ունեցել. Մետաքսե Հակոբյան
- Մեզնից յուրաքանչյուրը պիտի ընդունի նրանց թողած պատգամը․ Մետաքսե Հակոբյան
- Ոչ մի մանդատ ստացած չի կարող բաժանել Հայաստանի, աշխարհասփյուռ և Արցախի հայությանը. Մետաքսե Հակոբյան
- Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Արցախում հումանիտար աղետ է
- Թշնամուն հաղթանակ է նվիրվել, դրա համար էլ ինքնավստահ է դարձել ու նման պահվածք է դրսևորում. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները