«Ազատություն Նիկային»
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխիի», Pirveli TV-ի, Formula-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները հերթական ցույցն են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ՝ նրանք հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց, որտեղ այս պահին գտնվում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախարարների կաբինետի անդամները։
Տեղում մոբիլիզացված են ոստիկանները և թույլ չեն տալիս ցուցարարներին մտնել խորհրդարան։
Իսկ խորհրդարանում աշխատոող մի խումբ լրագրողներ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթին զուգահեռ կախել են «Ազատություն Նիկային» գրությամբ պաստառ։
Նշենք նաև, որ մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։