Այս իշխանությունները մեր երկիրը դարձրել են աշխարհաքաղաքական քամիների խաղալիք. Լիլիթ Բեգլարյան
«Մեր շարժման մասին տարբեր որակումներ եմ լսում։ Մեզ, մեր ակցիաներն անվանում են պռոռուսական, պռոեվրոպական, պռոամերիկյան... Այս հարթակից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միակ պռո-ն, որ մենք կարող ենք լինել՝ պռոհայկականն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց միջազգայնագետ Լիլիթ Բեգլարյանը։
Նա նշեց, որ հայամետ, հայաստանամետ ու արցախամետ է այս շարժումը։
«Մենք բացարձակապես հայկական շարժում ենք, մենք Հայաստանը կրկին գործոն դարձնելու շարժում ենք, որը չունի աշխարհաքաղաքական հովանավորներ։ Մենք մեր երկիրն առուծախի չենք ենթարկում, գեոպոլիտիկ խաղեր չենք տալիս։ Մեր շարժումը չունի աշխարհաքաղաքական տերերի կարիք, բայց այո, ունի միջազգային գործընկերության կարիք։ Այո, միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, բայց պետք չէ շփոթել միջազգային համագործակցությունը ծառայություններ մատուցելու հետ, իսկ այս իշխանությունները ծառայություններ են մատուցում և դա անում են մեր երկրի ու մեր պետության հաշվին»,- ասաց նա։
Լ.Բեգլարյանի խոսքով, խնդիրներից շատերը սկսվել են այն ժամանակ, երբ միջազգայնորեն ընդունված նորմերին ու սկզբունքներին, որոնք, ի դեպ ներառում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, առաջ քաշեցին անտրամաբանական տերմիններ ու սկզբունքներ, օրինակ անհասկանալի արդարության սկզբունքը։
«Եթե առաջ մեր ձայնը լսելի էր, ընկալելի էր, Հայաստանը վստահելի գործընկեր էր, չէր խաղում աշխարհաքաղաքական տարաձայնությունների, արտաքին քաղաքական բախումների վրա, այլ շահերի համադրությամբ էր առաջ գնում։ Այսօր արդեն հայտնի է, որ 44-օրյա պատերազմի պատճառը հենց այսօրվա իշխանությունների ձախողված արտաքին քաղաքականությունն է։
Նրանք նույնիսկ չկարողացան պատերազմի ընթացքում մեզ աջակցություն բերել, իսկ այսօր մեր երկիրը դարձրել են աշխարհաքաղաքական քամիների խաղալիք»,- ասաց Լ.Բեգարյանը։
Նրա խոսքով, Հայաստանը կորցնում է իր ինքնուրույնությունը, իր իշխանությունը, միջազգային գործընկերի մոտ կորցնում է հարգանքը, «մեզ օգտագորում են ըստ քաղաքական նպատակահարմարության»։ Ըստ Բեգլարյանի, բրյուսելյան վերջին հանդիպումը, դրա ամենավառ ապացույցներից է և ոչ միակը։
«Շարունակում են միակողմանի զիջումներն ու խաղաղության անվան տակ մեր երկիրը քանդելու քաղաքականությունը, սակայն միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այս մարդիկ չեն ներկայացնում մեր ժողովրդին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի