Գեղամ Մանուկյան. Ավտոերթով շարժվելու ենք Երևան
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ներքո ծածանվող Եռագույնն ու գրել.
«Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից... Շնորհավոր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը:
Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած:
Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ:
18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ, 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։
Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց 50-65 կմ, վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման և, մասնավորապես մյուս ճակատներում՝ Բաշ-Ապարանում հաղթական հակահարվածի և Ղարաքիլիսայում հերոսական պաշտպանության ապահովման գործում։ Սարդարապատի հերոսամարտը տեղի բնակչությանն ու արևմտահայ գաղթականներին փրկեց անխուսափելի ջարդերից։ Կազմակերպչական մեծ ջանքերի գնով տարած հաղթանակը նպաստեց նաև Երևանում գործող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տեղի ղեկավար մարմինների ու առաջատար գործիչների դերի ամրապնդմանը, փաստացի հիմք դրվեց նորահռչակ Հայաստանի Հանրապետության կայացմանը։
Բաշ-Ապարանի հերոսամարտը տեղի է ունեցել Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թվականի մայիսի 23-29-ը։
Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն և ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարևորագույն նորությունը դեռևս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։ Դիրքերը գրավվել են զոհերի գնով։ Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաև գիշերը։ Մայիսի 29-ին թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան