Կաթողիկոս. Այսօր, երբ ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած ուղերձում ասված է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով:
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։
Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի:
Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան