Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
«Այո, սա նոր ղարաբաղյան շարժում է»,-երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում շարունակված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Հանրահավաքի ընթացքում ցուցադրվեցին կադրեր Արցախում անցկացվող բազմամարդ հանրահավաքից։
«Կտենանք, ով է մաշելու, դա չենք մոռանում»,-ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ երկու օրվա ընթացքում մտավորականների կոչին միացել են նոր մարդիկ՝ վեց ակադեմիկոսներ, 16 վաստակավոր արտիստ, 3 ժողովրդական արտիստ, 14 վաստակավոր գործիչ, 48 դոկտոր, պրոֆեսոր, 125 գիտությունների թեկնածու։
«Եկեք ողջունենք արժանապատօվ մտավորականներին, որոնք ժողովրդի հետ են, ժողովրդի օրակարգի հետ են»,-ասաց նա։
Սաղաթելյանն անդրադարձավ իշխանական մամուլի այն հրապարակումներին, թե Ֆրանսիայի հրապարակում թմրամոլներ կան։
«Մի հայտնի կայք ունի էդ Գռզոն, դրանով ինչ-որ նյութեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները։ Տեսեք սրանց անբարոյականության աստիճանը, այստեղ են մարդիկ իրենց ընտանիքներով, երեխաներ, նորածին երեխաներ, տարեցներ։ Այս անբարոյականները փորձում են տպավորություն ստեղծել, որ մարդիկ այստեղ հավաքվում են կամ փողով, կամ թմրանյութի ազդեցության տակ։ Այս հրապարակի ցանկացած մեկը ցանկացած կլինիկայում կարող է առավոտյան անալիզ տալ, բայց ձեր սաղ ֆրակցիան պետք է նույնպես տա։ Առավոտյան տասին գնացեք ձեր ֆրակցիայով, մի քանի հատ էլ նախարար ունեք, գնացեք անալիզ տվեք։ Եթե չտաք, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տաք, ժողովուրդը տեսնի, թե ով է թմրամոլը։ Սրիկայությանն էլ չափ ու աստիճան կա»,-ասաց նա։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ժողովուրդը սահմանել է պահանջներ՝
1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։
3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։
«Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, ինքը կամ թշնամու գործակալ է կամ սպասարկում է թշնամու շահերը։ Մինչև հունիսի 3-ը ժամանակ ունեն կողմնորոշվելու, դրանից հետո բոլոր ուժերը, ՀԿ-ները, բուհերը, ակադեմիան, պետական մարմինները մտավորականությունը պետք է դիրքորոշում հայտնեն, սա ջրբաժան է։ Սա հայ մնալու, հայրենիք, պետություն ունենալու նվազագույն պահանջներն են»,-ասաց նա։
Սաղաթելյանն ասաց՝ ակցիաները կշարունակեն երկուշաբթիից, պետք է գնան դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։
«Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք պետականություն չունենանք։ Երկուշաբթի ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, գնալու ենք մի քանի ուղղություններով։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»,-ասաց նա։
Սաղաթելյանն ասաց՝ վաղը Ֆրանսիայի հրապարակում կլինեն մասնագիտական քննարկումներ, թեմաների ու բանախոսների մասին տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայից հրապարակից մեկնարկեց երթ
- Սաղաթելյան. Մեր առջև նույն Թուրքիան ու Ադրբեջանն են, բայց նույնն ենք նաև մենք
- Այս պահին օրհասական խնդիրը մեր ազգի գոյապահպանությունն է. Մերուժան Միքայելյան
- Լիդա մայրիկ. Տղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու
- Այս իշխանությունները մեր երկիրը դարձրել են աշխարհաքաղաքական քամիների խաղալիք. Լիլիթ Բեգլարյան
- Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի