«Հայաստան». Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել
Հանրապետության օրվա առթիվ «Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարյուրամյակների ծանր փորձություններից և անղեկ նավարկություններից հետո 104 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, Հայ ժողովուրդը վերահաստատեց անկախություն ունենալու իր կամքը՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ։
Մայիսի 28–ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրն է և, անհերքելիորեն, Հայոց պատմության շրջադարձային էջ: Այն հնարավոր դարձավ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակներով։
Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականությամբ և համազգային զորաշարժով և, անշուշտ, օրվա քաղաքական ու ռազմական ղեկավարության բացառիկ նվիրումի, խորատեսության և զոհողությունների գնով կասեցվեց հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու թուրքական ծրագիրը։ Արևելյան Հայաստանի փոքր մի հատվածի և Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրա վերընձյուղվեց Հայոց պետականությունը։
Մենք բոլորս՝ իբրև ինքնություն, իբրև կազմակերպված ազգ և հավաքականություն, սերում ենք Մայիսի 28-ից, մենք Մայիսի 28-ով կերտված Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդն ենք, մեր հավաքական հաղթանակների և պարտությունների պատասխանատուն։
Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։
Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։
Փա՜ռք և խոնարհում Մայիսի 28-ը կերտողներին։ Արժանի հետևորդը լինենք նրանց պատգամի։
Փա՜ռք Հայոց Պետականությանը։
Շնորհավոր Անկախության Տոնդ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ
- ՀՅԴ ԳՄ. Օրհասական է պահը
- Ռոբերտ Քոչարյան. Սարդարապատն այդ համախմբման խորհրադանիշ է
- Փաշինյանը մեղադրել է Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերին
- Կաթողիկոս. Այսօր, երբ ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը
- Սերժ Սարգսյան. Ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է, կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, թե՞ ծնկի գալ թշնամու առջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան