Ցեղասպանությունից վեր հառնած ժողովրդի հաղթանակները՝ Սարդարապատը, Մայիսի 28-ը
1915 թվականի Հայոց մեծ եղեռնից հետո շարունակվող Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդին հանել էր գոյամարտի: Ասպատակելով Արևմտյան Հայաստանը՝ երիտթուրքերի նպատակը նաև Արևելյան Հայաստանով Ադրբեջանին միանալն էր, ինչին 2018 թվականին հայ ժողովուրդը պատասխանեց մայիսյան հերոսամարտերով: Բաշ-Ապարանի,Ղարաքիլիսայի պատմական ճակատամարտերին հաջորդեց մայիսի 26-ի Սարդարապատի հերոսամարտը:
Սարդարապատում Հայ ժողովուրդը, բարեկամ եզդին, ռուս, ասորի և հույն ժողովուրդների ռազմիկների հետ վերջնականապես կասեցրեց թուրքական զորքերի առաջախաղացումը դեպի Անդրկովկաս, ինչն ազդակ դարձավ այնտեղ գտնվող պետություններին մտածելու անկախության մասին: Սարդարապատում հաղթական ճակատամարտի օրը՝ գիշերով լուծարվեց Անդրկովկասյան Սեյմը և մեկը մյուսի հետևից՝ մեկ օր տարբերությամբ հռչակվեցին երեք անդրկովկասյան հանրապետությունները:
1918 թավականի մայիսյան հերոսամարտերի օրինաչափ լուսապսակը պետք է լիներ հայ ժողովրդի հազարամյակների պատմության խորքից եկած և գրեթե 6 դար դադարած պետականության վերականգնումը: Անդրկովկասը Թուրքիայի ասպատակումից պաշտպանելու գործին լծված հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող «Հայկական ազգային խորհուրրդը» մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի Հանրապետությունը:
Մայիսի 29-ին արդեն ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը:
1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի առաջին կառավարության կազմը, եռագույնը հաստատվեց որպես ազգային դրոշ։ Նույն տարվա օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը: 1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնել:
Հայաստանում առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հունիսի 21-23-ը։ Ընտրվեց խորհրդարանի 80 անդամ, որոնցից 72-ը ՀՅԴ-ից էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։ 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Առաջին հանրապետության կառավարությունը1920 թ. մարտին ստեղծեց երդվյալ ատենակալների դատարանը, իսկ մեկ ամիս անց՝ ազգային դրամը։
Առաջին հանրապետության անկումը եղավ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները և Հայաստանը խորհրդայնացրեցին:
Գոյության կարճ ժամանակահատվածում Առաջին հանրապետությունում ձևավորվեց ժամանակակից պետականության բոլոր ատրիբուտները, որոնց համար հիմք էին դարձել պետականաշինության հազարամյակների փորձը: Ավելորդ չէ արձանագրելը, որ Առաջին հնարապետության սահմաններում էր նաև Կարսի նահանգը, որը Թուրքիային հաջողվեց զավթել միայն 1920 թվականի հոկտեմբերի վերջին:
Առաջին հանրապետությունը ոչ միայն պատմական, այլև հոգեբանական մեծ ձեռքբերում էր հայ ժողովրդի համար: Գոյության 2 տարիների ընթցքում հայ ժողովրդի վերագտած անկախ պետականության գիտակցումը նպաստեց Խորհրդային Հայաստանի սուվերենությամն բարձր մակարդակի ապահովմանը, իսկ 1988 թվականին՝ Առաջին հանրապետության եռագույն դրոշի ծածանմամբ ազդարարվեց Խորհրդային Միության փլուզման գործընթացը և Երկրորդ հանրապետության հռչակումը: Ինչպես բոլոր ժամանակների հայկական պետականության վերականգնման և պահպանման փուլերում, այնպես էլ Առաջին և նրա հիմքի վրա Երկրորդ հանրապետության հռչակմանը նախորդել են հայ ժողովրդի գոյամարտերը և ընտրյալների անվերապահ նվիրումով ապահովված հաղթանակները: Մայիսի 28-ը նաև հայկական պետականության համար պայքարողի ոգեկոչմա օրն է:
Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մեղադրել է Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերին
- Ռուբինյանը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում
- Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան