Կարկուտը մեծ վնաս է հասցրել Ուռուտ գյուղի տներին ու ցանքատարածություններին
Լոռու մարզի Ուռուտ գյուղում օրեր առաջ խոշոր կարկտից վնասվել են մարդկանց տները, ցանքատարարծությունները։ Panorama-ին բնակիչներից ահազանգեցին, որ անելանելի վիճակում են հայտնվել։ Կարկուտը ջարդ ու փշուր է արել տների լուսամուտները, տանիքները, ցանքատարածությունները։
«Կարկու՞տ․ պաահ,տենց բան չէինք տեսել։ Ընենց ա փրթել, մեր տան պատուհանները լրիվ ջարդված ա, գյուղացիներից մեկի կռիշին կայծակը խփեց , տանիքի կեսը չկա։ Ամբողջ գյուղինը, տուն չկա, որ վնաս կրած չլինի»,- պատմեց Ուռուտ գյուղի բնակիչ Ա․Ա․-ն։
Այդուհանդերձ , մեր զրուցակիցը իր տանը հասցված վնասը նվազագույնն է համարում։ Մեծ դժվարությամբ վար ու ցանք են արել, ցորեն ու այլ մշակաբույսեր ցանել, սակայն մի քանի րոպեում այդ ամենը ի քիչ է եղել։
«Մեր այգու ծառերը որ տենաք, ոնց որ ձմռան տկլոր ծառեր լինեն։ Մի հատ տերև չկա, ճյուղերն էլ ջարդված, բերքի մասին կարող ենք մոռանալ։ Մեր հանդերն էլ , սաղ սրբեց տարավ կարկուտը։ Ցորեն էինք ցանել, մոտ 400 հազար դրամի ծախս էի արել՝ մեկ հեկտարի համար։ Գնացին տեսանք , ոչ մի բան չի մնացել, 100 տոկոսով կորուստ ունենք, սաղ մեր ամակը ջուրը գնաց»,- սրտնեղած պատմեց գյուղացին։
Մեր հարցին ,թե արդյո՞ք չկան տեղադրված հակակարկտային կայաններ, ինչո՞ւ չեն գործել դրանք։ Ուռուտ գյուղի բնակիչն ասաց, որ հակակարկտային կայանները շարված են դաշտերում, բայց ոչ մեկը չի գործել։
«Երեկ գյուղապետարանում էլ գյուղացիները հավաքվել կռիվ էին անում, թե ինչի չեն կրակել պուշկեքը։ Սաղ դաշտերում շարված ա, ոչ մեկը չի կրակել, բերքն էլ դրա համար ավերեվեց։ Վարկերի, պարտքերի տակ, ոնց ենք անելու, գիշեր-ցերեկ մտածում ենք։ Էդ ցորենն էլ, կարտոշկեն էլ պարտք ենք անում պարարտանյութ ենք առնում, վառելիք , սերմ, ցանում ենք, որ աշունը մեր ծախսերը հանենք, էն էլ սենց փորձանք ա գալիս մեր գլխին։ Հույսներս էն ա, որ գոնե փոխհատուցում կտան, թե չէ սենց ոնց կլինի»։
Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանի հետ էլ զրուցեցինք։ Panorama.am-ին տեղեկացրեց, որ հաշվառում արել են ու տվյալները ներկայացրել են Լոռու մարզպետարան, սպասում են տեսնեն փոխհատուցում կլինի, թե՝ ոչ։ Մեր դիտարկմանը,թե ինչո՞ւ հակակարկտային կայանները չեն գործել, գյուղապետն ասաց․
«Էնքան ուժեղ ամպեր էր, որ հակակարկտայինն ինձ թվում ա ոչ մի բան չէր անի։ Միանգամից սևացավ ու վայրկյանական խփեց,երևի 5-6 րոպեի ընթացքում ամպերը փակվեց ու թափվեց։ Հակակարկտայինը եսիմ պետք ա քանի ժամ առաջ կրակեր, որ օգուտ տար։
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ հակակարկտային կայանները չե՞ն կրակել։
«Դե օգտագործել են երևի, հակակարկտային կենտրոնից են նայում լատատորներով, իրանք են կրակում, մեր հետ կապված բան չի դա։ Որ կրակեին էլ, էնքան հզոր ամպեր էր, էդ հակակարտայինն էդքան ուժ չունի, չէր կարողանա էդքան ամպեր ցրել»,-ասաց Ջուլհակյանը։
Նա տեղեկացրեց, որ փաստացի երկու աշխատող կայան կա, մյուսները ՝ խնդիրները են ունեցել։
Բոլոր դեպքերում Սերգո Ջուլհակյանը ևս փաստեց, որ դաշտերն ամբողջությամբ վնասվել են։
«Այնպես չէ, որ գյուղում մի տեղ խփած լինի, մի տեղ՝ չէ։ Սաղ դաշտերը վնասվել են, մի բան չի մնացել։ Գուցե մի տեղ 10 տոսկոս մնացած լինի, բայց հիմնականում 100 տոկոսով վնաս է տվել։ Գյուղի տներն էլ են վնասվել,բայց դա դաշտերի վնասի համեմատ այդքան էական չենք համարում»
Նա նշեց, որ նման դեպք,որ կարկուտն այսքան մեծ վնաս հասցնի,գյուղում եղել է 10-15 տարի առաջ։ Այն ժամանակ մասամբ փոխահատուցում տվել են։Հիմա սպասում են փոխհատուցման։
Ջուլհակյանի խոսքով՝ հարակից գյուղերը ևս վնասներ կրել են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան