
Թշնամու կրակոցից վիրավորվում ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվել էր ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր: