Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա մեկնելուց
Իսրայելի իշխանությունները իր քաղաքացիներին խորհուրդ են տվել զերծ մնալ Թուրքիա և Իրանին սահմանակից երկրներ մեկնելուց։ Այդ մասին ասվում էր Իսրայելի կառավարության մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում էր Ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական բյուրոյի հորդորը։
«Մի քանի շաբաթ, և հատկապես այն բանից հետո, երբ Իրանը մեղադրեց Իսրայելին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության մեջ, անվտանգության ծառայություններում աճում էր անհանգստությունը ողջ աշխարհում Իսրայելական թիրախների վրա հարձակում գործելու Իրանի փորձերի վերաբերյալ: Հետևաբար, Ազգային անվտանգության խորհուրդը և անվտանգության ծառայությունները նախազգուշացնում են Թուրքիա այցելելուց զերծ մնալու մասին, որ այն ներկայումս բարձր ռիսկային երկիր է իսրայելցիների համար»,-հայտարարությունից մեջբերում է արել ՏԱՍՍ-ը։
Բյուրոն նշել է, որ անվտանգության ծառայությունների կարծիքով՝ նախազգուշացումը կապված է Թուրքիայում իսրայելցիների համար իրական սպառնալիքի հետ։ «Վտանգի բարձր մակարդակ կա նաև Իրանին սահմանակից այլ երկրներում: Հետևաբար, Իսրայելի քաղաքացիները պետք է զգոն լինեն և զգույշ լինեն այդ երկրներից որևէ մեկը մեկնելու որոշում կայացնելիս»,-ասվում է զեկույցում:
Իսրայելի մտավախությունները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանությանն իր մասնակցության մասին մի շարք լրատվամիջոցների պնդումների հետ։ Համապատասխան տեղեկությունը հայտնել էր New York Times-ը նախորդ շաբաթվա կեսերին՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրները։
Մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Թեհրանի արևելքում գտնվող նրբանցքներից մեկով շարժվող Խոդայի մեքենայի վրա: Հարձակմանը մոտոցիկլետով մասնակցել էին երկու մարդ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են գնդապետի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկրի իշխանությունները վրեժ են լուծելու սպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն այս պահին ռիսկային է համարում իր քաղաքացիների այցերն Ադրբեջան
- Իսրայելն է կանգնած Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների սպա Խոդայի սպանության հետևում.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան