Արծիվ Լալայանի կտավները մնացել են բռնազավթված Մեծ Թաղերում, իսկ նորերը կցուցադրվեն «Դիզակ Արտ»-ում
Այսօր Երևանի «Դիզակ Արտ» կենտրոնում կբացվի հադրութցի նկարիչ Արծիվ Լալայանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում կներկայացվեն 44-օրյա պատերազմից հետո արված նկարները, քանի որ մինչև պատերազմն արված կտավները մնացել են նկարչի հայրենի տանը՝ բռնազավթված Հադրութի Մեծ Թաղեր գյուղում։ Այս ցուցահանդեսը նպատակ ունի սատարելու նկարչի ստեղծագործական գործունեության ակտիվացմանը, նրան ներկայացնելու և ծանոթացնելու հանրությանը, նպաստելու նրա աշխատանքների վաճառքին։
Panorama.am-ի հետ զրույցում Արծիվ Լալանյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացվելու է տարբեր թեմաներով արված 22 կտավներ։ Կա նաև 44-օրյա պատերազմին նվիրված կտավ ու ստվարաթղթի վրա արված նկար։ Նկարիչն այս ընթացքում նաև կորցրած նկարներից մի քանիսի տարբերակներն է արել, որոնք նույնպես կներկայացվեն հանրությանը։
Ցուցահանդեսում կներկայացվեն երկու կտավներ, որոնց հեղինակը Արծիվ Լալանյանի կինն է՝ Տաթև Ամիրջանյանը։
Արծիվ Լալայանն ընտանիքի հետ այժմ ապրում է Ստեփանակերտում, սակայն հույսը չի կորցնում, որ մի օր վերադառնալու է հայրենի տուն. «Հույսը միշտ էլ կա, ուղղակի ժամկետներն… Աստված գիտի էլի»։
Նկարիչը թշնամու կողմից բռնազավթված Հադրութի Մեծ Թաղեր գյուղում թողել է թղթի վրա արված հազարավոր ճեպանկարներ, 80-100 կտավ։
«Ցանկացած աշխատանքի վրա չարչավում ես, քո մտքերն արտահայտում։ Այդ ամենը ջուրը տարավ»,- ցավով նշեց Արծիվ Լալայանը։
Պատերազմի ավարտից հետո եղել է Մեծ Թաղեր գյուղում, իր տանը, սակայն արդեն նկարները չեն եղել։
«Պատերազմի ժամանակ եղբայրս զոհվել էր, մարմինը մնացել էր գյուղում։ Պատերազմից հետո ռուսների ուղեկցությամբ գնացի մեր գյուղ՝ մարմինը բերելու։ Մտա նաև տուն, կտավների մեծ մասը չկային, տարել էին, որն էլ թողել էին, փչացրել էին»,- ասաց հադրութցի նկարիչը։
Արծիվ Լալայանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 44-օրյա պատերազմին։ Պատերազմից հետո, նրա խոսքով, շատ դժվար էր կրկին վրձինը ձեռքը վերցրել։
Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի նկարչի բազմազավակ ընտանիքին։ Ցուցահանդեսի նախաձեռնողն է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը, համագործակցությամբ՝ «Դիզակ Արտ» կենտրոնի։
Լուսանկարները՝ Արծիվ Լալայանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան