Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
«Բնականաբար, Ջհանգիրյանը փորձեց արդարացնել դատավոր Կարեն Բիշարյանին՝ ասելով, որ նրա հետ հեռախոսազրույց է ունեցել, և գիտի, որ նա չի հասցրել 30 րոպեում առաջին միջնորդությունից հետո լսել երկրորդ միջնորդությունը»,- ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, հետաձգեց Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին վրդովեցրեց այս որոշումը և նրանք գնացին ԲԴԽ՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Կարին Տոնոյանը հայտնեց, որ առաջին միջնորդությունը վերաբերում էր զոհվածների ծնողներին տուժող ճանաչելուն, երկրորդը վերաբերում էր դատական նիստերը դռնբաց անցկացնելուն։
«Այդ ինչպես է պատահում, որ նման գործին, որտեղ կա մոտ 5000 զոհ և այդքան տուժող կողմ, դուք տրամադրում եք 30 րոպե" Ուղղակի ծաղրում եք ծնողներին, ամեն անգամ մարզերից 30 րոպեի համար բերել և տանելով, ընդորում այդ 30 րոպեից եթե վերցնենք «բարևն» ու «հաջողությունը», ապա 20 րոպե էլ չի մնում։ Ջհանգիրյանն ասում է` Բիշարյանը լիքը գործ ունի, թող ուրեմն ձեր ասածով լինի՝ դրանք մնան և մենակ ձեր գործը լինի՞։ Գիտեք, մենք արդեն չենք հասկանում՝ այս մարդիկ ո՞նց են վերաբերվում մեզ։
Այսքան տղաների սպանության համար գործ է հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով, և դա համեմատում են սովորական քրեական գործի հետ։ Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է։ Ես կարծում եմ, որ համաշխարհային պատմության մեջ անգամ չտեսնված նախադեպ է, որ մարդիկ նման վերաբերմունք են ցուցաբերում»,- ասաց Կարին Տոնոյանը։
Այդուհանդերձ, ինչպես նշեց նա, կարողացել են հասնել նրան, որ դատերի համար այսուհետ ավելի երկար ժամանակ կտրամադրվի, բացի այդ, հաջորդ նիստի առաջին հարցը կլինի դռնբաց անցկացնելու միջնորդության քննարկումը։Կարին Տոնոյանի խոսքով, ծնողները կստանան նաև այն հարցի պատասխանը, թե ինչ հիմքով են ընտրել դատավորին՝ Կարեն Բիշարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածների ծնողների իրավունքները չեն կարող ստորադասվել դատախազի, կամ դատավորի ցանկությանը
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին