Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր հետաձգեց Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։
Նշենք, որ 2021 թվականի հունիս ամսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը նշանակված էր կես ժամ ռեժիմով, մինչդեռ մինչև նիստը սկսելը, անցնում է 10-15 րոպե և այդքան ժամանակը բավարար չէ նման նիստն անցկացնելու համար։
«Մենք ունենք երկրորդ բողոքը, որ այլևս այդ դատերը 30 րոպե չպետք է լինեն։ Թող նոր դատավորներ ընդունեն։ Ասում են, որ վեց դատավոր է ընդամենը, բայց ուր են մնացած դատավորները, քանի որ եթե նայում ենք ցուցատախտակին, ապա բոլոր նիստերին միայն դատավոր Բիշարյանի անունն է գրված»,- ասաց նա։
Կարին Տոնոյանը նաև հարց է բարձրացնում, թե այդ ինչպես պատահեց, որ Գարիկ Գալեյանի հարցով մինչև գիշերվա 12-ը դատ էին անում, իսկ այս դեպքում, երբ այդքան զոհ կա, նման ձևով են դատ իրականացնում։
«Լավ է 10 րոպեանոց դատ չեք նշանակում։ 30 րոպե առանց պատասխանի հեռանում են։ Ես ասում եմ, որ Հայաստանում նիկոլիզմ է հաստատվել, հավատացեք, որ այդպես է, քանի որ սա նիկոլիզմյան դրսևորում է, որ 30 րոպե լսեն ու առանց պատասխանելու հեռանան»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նա նաև նշեց, որ միտում է տեսնում, քանի որ Գարիկ Գալեյանին մեղադրում էին հուզական վիճակում սպայի վրա ձեռք բարձրացնելու համար, իսկ այս դեպքում, ըստ նրա, պետք է հիշել, թե Նիկոլ Փաշինյանը քանի սպայի և զինվոր կյանք է զոհել և որևէ գործ չի հարուցվում։
«Եթե այն դեպքում իրեն ճիշտ չպահող սպայի վրա էր ձեռք բարձրացրել հուզական վիճակում գտնվող զոհված զինվորի ծնողը, հիմա ես հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք ընդհանրապես խիղճ չունե՞ք, բա քանի սպա ու զինվոր է զոհվել, ի՞նչ է այդ սպաները ուսադիր չէին կրում։ Երկրորդը՝ 2010 թվականին կալանավայրում, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ ուժ էին կիրառել, այդ գործով անգամ հարուցվեց քրեական գործ և նա տուժող ճանաչվեց։ Դա Նիկոլ Փաշինյա՞նն էր։ Հիմա խոսում են 4016 զոհի մասին, և այդ դեպքում քրեական գործ չի հարուցվում, մենք էլ տուժող չենք ճանաչվում։ Որքանո՞վ է սա տրամաբանական»,- նշեց Կարին Տոնոյանը։
Զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ գնում են ԲԴԽ՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանի հետ։
«Պետք է հիմա գնանք Բարձրագույն դատական խորհուրդ, որովհետև Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնացեք, եթե ձեր պահանջը չկատարվի, ապա նորից կգաք Բարձրագույն դատական խորհուրդ։ Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի»,- ասաց Կարին Տոնոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան