Գերմանիան 100 մլրդ եվրո կհատկացնի պաշտպանության համար
Գերմանիայի իշխող կոալիցիան ընդդիմության հետ պայմանավորվել է 100 միլիարդ եվրո հատկացնել բանակի արդիականացման համար։ Դրա համար Գերմանիայում կստեղծվի հատուկ հիմնադրամ, որից կֆինանսավորեն նորագույն սպառազինությունների խոշոր պատվերը, գրում է «Եվրոնյուզ»-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ գլխավոր նպատակն է պաշտպանել երկրի ազատությունն ու ժողովրդավարությունը՝ բարձրացնելով գերմանական բանակի պաշտպանունակությունը։
Պաշտպանական ծախսերի ավելացման մասին նա հայտարարել է փետրվարի վերջին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո։ Այնուհետ Օլաֆ Շոլցը խոստացել է, որ Գերմանիայի իշխանությունները Բունդեսվերում (Գերմանիայի Զինված ուժեր) կներդնեն ազգային ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը։
Սա ընդհանուր պահանջ է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար, ինչը Բեռլինը նախկինում չափազանցված էր համարում: Դրա համար Գերմանիայի կառավարությունը պատրաստ է 2022 թվականի պետական բյուջեից հարյուր միլիարդ եվրո հատկացնել։ Կիրակի օրը երեք ժամ տևած քննարկումներից հետո դրան համաձայնել է նաև ընդդիմադիր պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը։
Հատուկ հիմնադրամը նախատեսվում է ֆինանսավորել լրացուցիչ վարկերով, և դա պահանջում է փոփոխություններ Գերմանիայի սահմանադրության մեջ, քանի որ հիմնական օրենքն արգելում է բյուջեից ավելի շատ ծախսել, քան ստանում է։ Իր հերթին, սահմանադրության փոփոխությունների ընդունումը պահանջում է Բունդեսթագի և Բունդեսրատի պատգամավորների երկու երրորդի աջակցությունը։ Իշխող կոալիցիան չի կարող ընդունել փոփոխություններն առանց ընդդիմության ձայների։
Սառը պատերազմի ավարտից հետո Գերմանիան նվազեցրել է իր ռազմական հզորությունը։ Մասնավորապես, 1990 թվականին մոտավորապես 500 հազար մարդուց բանակի թվաքանակը կրճատել է մինչև 200 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան