Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա
Սպասվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ երեքշաբթի այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ԱԳ նախարար Լավրովը և ՌԴ ռազմական պատվիրակությունը Թուրքիա կժամանեն հունիսի 8-ին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։
Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։
«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,-ասել է թուրք նախարարը։
Նրա հայտարարությունը հնչել է երկուշաբթի օրը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։
Չավուշօղլուի խոսքով՝ Սև ծովով հացահատիկի առաքման և այդ նպատակով անվտանգության միջանցքի բացման հարցերը նախատեսվում է քննարկել Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։
«Իմ ռուս գործընկեր Լավրովի հետ մենք նախատեսում ենք քննարկել նաև ծովով հացահատիկի մատակարարման և անվտանգության միջանցքի բացման հարցերը»,-ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
- Վաղն Անկարայում կկայանա Թուրքիայի և Եվրամիության միջև «Քաղաքական երկխոսության» նիստը
- Կիևը կուսումնասիրի Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսային բանակցության առաջարկը
- «Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտ խաղաղություն հաստատվի»․ Էրդողան