Ես ուզում եմ ասել, թե մենք ինչքան ժրաջան ենք բյուջե գումարներ հավաքագրելու գործում.Փաշինյան
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ պետական բյուջեի կատարողականի քննարկումը սկսելով՝ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ այն տեղի կունենա երկու փուլով:
«Առաջին փուլում տեղի կունենան Ֆինանսավարկային և մյուս հանձնաժողովների համատեղ նիստերը, որը կտևի մինչև հունիսի 13-ը, որից հետո բյուջեի կատարողականը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում»,-հայտնեց պատգամավորը:
Գևորգ Պապոյանն անհատապես Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ ԱԺ-ն բյուջեի կատարումն ընթացքում է վերահսկել՝ հրավիրելով գործադիրի ոլորտային պատասխանատուներին և դիտարկելով Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները:
«Մինչ բյուջեի կատարողականի քննարկումն ուզում եմ բոլորիս շնորհավորել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաջող անցկացմամբ, որովհետև, տարօրինակ է հնչում և երբ այդ մասին իմացա, անկեղծ ասած շատ զարմացա, որ անկախության տարիներին Հայաստանում օլիմպիական մարզաձևերի աշխարհի, կամ Եվրոպայի ոչ մի մարզաձևից մրցաշար չի անցկացվել»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ երևույթը համարելով ոչ հաջող փաստ և հույս հայտնեց առաջիկայում Հայաստանում ևս տեսնել նման մրցաշարեր:
Նիկոլ Փաշինյանը սակայն ստիպված էր վերհիշել, որ 1996 թվականին շախմատի աշխարհի օլիմպիադան էր տեղի ունեցել Հայաստանում:
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին Հայաստանը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Անցնելով 2021թ. բյուջեից կատարողականին՝ Փաշինյանն ասաց. «Պետք է ասեմ, որ ոչ մի նորություն չեմ ասելու, որովհետև բյուջեի կատարողականը տարբեր ֆորմատներով հրապարակային քննարկման առիթ դարձել է կառավարության, ԱԺ նիստերում, կառավարության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի 3.1 % կանխատեսած ցուցանիշի փոխարեն 2021թ-ին 5.3 % է ապահովվել, եկամտային մասը գերակատարվել է 147 մլրդ դրամով, որը ապահովվել է նաև պղնձի արտահանման տուրքի միջոցով, ինչը լրացուցիչ 24 մլրդ դրամի եկամուտ է բերել բյուջե:
Նիկոլ Փաշինյանը բնականաբար չհիշեց, որ 2021 թվականի ընթացքում կառավարության վերանայված բյուջեով ՀՆԱ-ի աճը վերաձևակերպվել էր 6%-ից ավել, որը փաստացի չէր ապահովվել:
Ըստ նրա՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով եղել է պատմական աննախադեպ ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 22.7%-ը հարկային եկամուտներ են:
«Ես ուզում եմ ասել, թե մենք ինչքան ժրաջան ենք բյուջե գումարներ հավաքագրելու գործում, բայց նույնքան ժրաջան ենք գումարները քաղաքացիներին վերադարձնելու գործում»,-ասաց նա՝ հիշեցնելով 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի վերադարձը տնտեսվարողներին, և հայտնելով, որ 2017 թվականին 60 մլրդ դրամ էր վերադարձվել:
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են
- Օրենքի նախագծի ընդունման դեպքում բյուջեի մուտքերը կպակասեն 106 մլն դրամով. Անի Իսպիրյան
- 3 տարի պետբյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթը զարգացնելուն, այլ կառավարության արածն ու չարածը քարոզելուն. Գեղամ Մանուկյան