«Արևորդի» փառատոնի առանցքում այս տարի կլիմայական փոփոխությունների թեմատիկան է
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հայտարարում է այս տարվա կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 14-18-ը Երևանում։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։
Կազմակերպիչները հայտնում են, որ «Արևորդի» փառատոնը նպատակ ունի բարձրացնելու բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանելու Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։
Ընդունելությանը կարող են ներկայացվել այն ֆիլմերը, որոնք լուսաբանում են բնապահպանական խնդիրներն ու նվիրված են բնությանը (վայրի բնությանը, կայուն ռեսուրսների կառավարմանը, քաղաքային բնապահպանությանը, էկոլոգիային ու կայուն զարգացմանը, գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը, առողջապահությանն ու շրջակա միջավայրին, կրթությանն ու շրջակա միջավայրին, և այլն)։
Փառատոնի առանցքում այս տարի կլիմայական փոփոխությունների թեմատիկան է։
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 3 անվանակարգ` կլիմայի փոփոխության մասին գեղարվեստական ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին, երիտասարդները և երեխաները շրջակա միջավայրի մասին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Հայտադիմումները հնարավոր է ուղարկել Film Free Way հարթակի միջոցով՝ հետևյալ հղումով։ Հարթակում ներկայացված են բոլոր մանրամասները։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը առաջին և միակն է իր տեսակի մեջ հարավկովկասյան ողջ տարածաշրջանում: Փառատոնի ծրագիրը ներառում է բնապահպանական ֆիլմեր ողջ աշխարհից, էկո-աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա արշավներ և բնական ու մշակութային արժեքների պահպանության աճող մարտահրավերների մասին իրազեկող այլ միջոցառումներ:
Փառատոնն ամենամյա է, անցկացվում է աշնանը, սակայն միջոցառումները «ճամփորդում են» Հայաստանի մարզերով ողջ տարվա ընթացքում՝ ներառելով մեծ թվով երեխաների և պատանիների, խթանելով ստեղծարար լուծումներ՝ համայնքում առկա բնապահպանական խնդիրներին, կիրառելով ֆիլմը՝ որպես գործողության, փոփոխության ներշնչող հզոր գործիք:
2021 թվականին փառատոնն առաջին անգամ անցկացվեց առցանց ձևաչափով՝ sunchild.am հարթակում, որտեղ մեկ շաբաթ շարունակ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու աշխարհի տարբեր ծայրերից լավագույն բնապահպանական ֆիլմերը՝ հայերեն ենթագրերով։
Այս տարի ևս փառատոնը կպահպանի առցանց ձևաչափը՝ համատեղելով այն օֆլայն միջոցառումների ու ցուցադրությունների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան