Բրիտանացիները պատրաստվում են նշել Անգլիայի թագուհու պլատինե հոբելյանը
Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակի կապակցությամբ՝ Մեծ Բրիտանիայում կանցկացվի շուրջ 16 հազար երեկույթ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հունիսի 2-ից 5-ը բրիտանացիները կնշեն թագուհու Պլատինե հոբելյանը։ Ամբողջ երկրում փողոցային երեկույթների կազմակերպիչները դրոշներ են կախում և հրավերներ ուղարկում: Տեղական կառավարման ասոցիացիայի (LGA) տվյալներով՝ բրիտանացիները նամակներով հեղեղում են վարչությունը՝ խնդրելով փակել ճանապարհները և նախատեսում են մոտ 16000 միջոցառում անցկացնել։
Կազմակերպիչներից մեկի խոսքով՝ միջոցառման անցկացման համար նա արդեն պայմանավորվել է Հալլ քաղաքի փողոցներից մեկը փակելու մասին։ Ճանապարհին կտեղադրվեն մանկական ատրակցիոններ և վրաններ, որոնցում կլինի սնունդ։
«Խոսքը մարդկանց միավորելու մասին է։ Մեր քաղաքում բավականին շատ են լեհերը, լատվիացիները, հունգարացիները, նրանք նույնպես մասնակցում են տոնակատարությանը։ Ոմանք ինձ ուղարկել են իրենց ազգային երգերը, որպեսզի ես ընդգրկեմ երգացանկում»,- ասել է նա։
Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքից ակտիվիստ Ժանետտ Վարկեն մի քանի ամիս է ծախսել միջոցառումը կազմակերպելու համար։ Միջոցառման այցելուներին թեյ, հիշարժան հուշանվերներ կբաժանեն, կլինի նաև դիսկոտեկ։ Երեկոյի կարևորագույն իրադարձությունը կլինի տարեց կանանց մասնակցությամբ մրցույթը, որոնք կդառնան օրվա թագուհիներ:
Այլ քաղաքներում ևս տեղի կունենան բազմաթիվ երեկույթներ, որոնք կկազմակերպեն տեղի բնակիչները՝ հոբելյանը տոնելու և հարևանների հետ ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով։
Եղիսաբեթ II-ը բրիտանական առաջին միապետն է, որն իր Պլատինե հոբելյանը նշում է գահին նստած։ Այդ առթիվ Անգլիայում տոնախմբությունները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մադամ Տյուսոյի թանգարան
- Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են պլատինե հարսանիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան