Եթե դադարեցնենք պայքարը, ապա մի օր էլ Եվրոպայում կխոսեն Երևանի էթնիկ հայերի շահերը պաշտպանելու մասին. Գեղամ Նազարյան
«Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»,-հունիսի 1-ին՝ երեխաներին կարճ ուղերձ հղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը և հավելեց. «Երեխաներին մաղթում եմ հայրենիք, որտեղ չկա չարություն, նենգություն, խաբեություն, մարդու միտքն ու հոգին առողջ է, որտեղ երեխան պաշտպանված է բարի և ուժեղ պետության կողմից, որտեղ վերջին զանգից հետո երեխաները կգնան սովորելու համալսարաններում, կամ զինված ուժերում, բայց՝ ոչ թե վերջին զանգից հետո երեխաներին կտանեն դավադիր պատերազմի»:
Պատգամավորը խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի այլևս ոչ մի 18-19 տարեկան երեխա դավադիր պատերազմներում չզոհվի, որ տեսանելի ապագայում ունենաք 5 մլն բնակչություն, ամեն ընտանիքում՝ առնվազն երեք երեխա:
«Մենք վատ բան ենք արել՝ մեր երեխաների մանկությունը, պատանեկությունը գողացել ենք, հիմա պետք է վերականգնենք: Ես Աստծուն խնդրում եմ, որ այդպիսի հայրենիք տա մեր երեխաներին, ուժեղ պետությունը, որտեղ երեխաներն առաջին հերթին պաշտպանված կլինեն: Երեխաները պետք է գլուխները բարձր քայլեն, ուրախ լինեն, որ ապրում են Հայաստանում, սիրեն մեր դրոշը, Երևանը, Ստեփանակերտը, Հադրութը, Իջևանը, Ամասիան, ապրեն այդ քաղաքներում, Շուշիում հայ երեխաները վազվզեն ու այն լինելու է»,-ասաց պատգամավորը:
Պատասխանելով «Դիմադրության» շարժման դադարելու մասին տարածված տեղեկատվության վերաբերյալ հարցին՝ Գեղամ Նազարյանը հայտնեց, որ հունիսի 1-ով արդեն 5-րդ լրատվամիջոցն է նույն հարցն իրեն ուղղում:
««Դիմադրության» շարժում գոյություն չունի, սա պայքար է մեր հայրենիքի փրկության, արժանապատվության վերականգնման համար, չի լինի, որ դադարեցնեն հայրենիքի համար պայքարը, այն նախընտրական չէ, որ համապատասխան օրերը լրանալուց հետո դադարեցնենք պայքարը»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Նազարյանն ասաց, որ ինքը պայքարում է, որ սահմանին վրանի մեջ զինվոր չզոհվի, որ Տավուշի մարզի գյուղերը չընկնեն Սյունքի, Արցախի և Մարտունու գյուղերի վիճակում և այդ պայքարի առաջին կետը Նիկոլին հեռացնելն է, երկրորդ կետը՝ երկարատև և ծանր աշխատանքը ներկայիս հետևանքները վերացնելու համար:
«Եթե դադարեցնենք պայքարը, ապա մի օր էլ Եվրոպայում կասեն, որ կարող են Երևանի էթնիկ հայերի շահերը պաշտպանել: Այս պայքարը երկրի արժանապատվությունը վերականգնելու համար է և այն արձակուրդ չունի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններից գերակշռողները
- Թաթոյան. Մեր երեխաներին պարտք ենք վերագտած ազգային արժանապատվություն
- Վաղը Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին