Աթենքի թերթերի խմբագիրների միությունում կայացել է փոքրասիական աղետի 100-ամյակին նվիրված միջոցառում
Աթենքի թերթերի խմբագիրների միության շենքում տեղի է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից ևս մեկ միջոցառում: Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։
«Միջոցառման գլխավոր բանախոս` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, Զմյուռնիայի աղետի ուսումնասիրությունների մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը հանդես է եկել «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսությամբ:
Միջոցառմանը ներկա էին Աթենքի թերթերի խմբագիրների միության անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Աթենքի թերթերի խմբագիրների միության նախագահ տիկին Մարիա Անդոնիադուն: Ներկաներին ողջունեց ու ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանը:
Անդրադառնալով միջոցառմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվող փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից ս.թ. մայիսի 31-ի միջոցառումը տարբերվում է մնացած միջոցառումներից, քանի որ միջոցառման գլխավոր բանախոսը ժամանել է Հայաստանից՝ հանձին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, պատմական գիտությունների թեկնածու տիկին Թեհմինե Մարտոյանի: Դեսպան Մկրտչյանը կարևորել է նաև դասախոսության թեման՝ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները», բնութագրելով այն որպես եզակի: Դեսպանն ընդգծել է, որ խոսքը գնում է մինչ այժմ չհրապարակված և մեծ արժեք ներկայացնող հայերի վկայությունների մասին՝ նշելով, որ այդ վկայությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հունաստանի պատմության համար: Դեսպանն արձանագրել է, որ խոսքը գնում է ինչպես 1922 թվականից առաջ, այնպես էլ 1922 թվականի և դրանից հետո Զմյուռնիայի քրիստոնյա բնակչության` հայերի և հույների ճակատագրերի, ընդհանուր պատկերի և զարգացումների մասին:
Անդրադառնալով դասախոսությունում ներկայացված վկայություններին, հուշերին, ապա դեսպան Մկրտչյանը նշել է, որ Օնիկ Ղազերյանի «Կենսագրական նոթերը» և Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» կարևոր տեղեկություն են տալիս Զմյուռնիայի հայերի և հույների խաղաղ կյանքից, առօրյայից, այդ քրիստոնյա քաղաքի անցուդարձից, բայց նաև տեղեկացնում` հայերի և հույների նկատմամբ ատելություն սերմանելու, զանգվածային բռնությունների, ծրագրված սպանությունների, բռնի տեղահանության և քաղաքի մահմեդականացման վերաբերյալ։
Ավարտելով իր խոսքը դեսպան Մկրտչյանը հույս է հայտնել, որ կհաջողվի նաև հունարեն թարգմանաբար ներկայացնել այդ հուշերը` այն հասանելի դարձնելով նաև Հունաստանի լայն շրջանակների համար»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին