«Հրապարակ». Առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։ Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը։
Ներկայումս շարժման լոկոմոտիվը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը։ Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք վերջին պահին են տեղեկանում տվյալ օրվա միջոցառումների, ակցիաների և կատարվելիք քայլերի մասին։ Առաջին փուլում, երբ շարժման ձևերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, Սաղաթելյանն ասել է. թողեք՝ ես որոշեմ, վստահեք ինձ, օգնեք ինձ։
Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, և դա շարժման հաղթանակն է։
Նաև կհայտարարեն, որ պայքարն այլ ձևեր է ընդունելու, և նորից կվերադառնան փողոց, եթե վտանգը մեծանա։ Իսկ փողոց վերադառնալու ժամկետների մասին կարծիքները տարբեր են․ ոմանք վստահեցնում են, որ մինչև աշուն Փաշինյանը փաստաթուղթ չի ստորագրի, ոմանք պնդում են, որ գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ աշուն չի հասնի՝ ամռան տապից օգտվելով, Փաշինյանը շտապ կստորագրի հերթական դավաճանական փաստաթուղթը։ Բայց կա վարկած, որ երբ Սաղաթելյանն ու այս ուժերը քաշվեն մի կողմ, կարող են նոր ուժեր փորձել պայքարի էստաֆետը վերցնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան