Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց սպասում են Արգիշտի Քյարամյանին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այսօր կրկին հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց: Նրանք ցանկանում են հանդիպել ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն ներկայացրել էին ինքնաբացարկի միջնորդություն, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները և պահանջում էին, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը հրաժարվի գործի դատաքննությունն իրականացնելուց։ Սակայն դատավորը մերժեց այդ միջնորդությունը։
Նշենք, որ 2021 թվականի հունիսին Մինասյանն ու Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով։
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հինգ օր առաջ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավարին և հիմա սպասում են, որ նա գա և հանդիպի ծնողների հետ։
«Հարցեր ունենք, հիմա սպասում ենք, որ նա իջնի և պատասխանի մեր հարցերին»,- նշեց նա։
Զոհված զինծառայողներից մեկի մայրն էլ ասաց, որ բոլոր ատյաններն այսօր ծառայում են իշխանություններին և զարմանալի չէ, որ տևական ժամանակ է ծնողներին տանում են այս ատյանից այն ատյան։ «Իրենց գործով զբաղվելու փոխարեն փորփրում են ծնողների անցյալը և իրենց կեղտոտ լրատվականներով փորձում են մրոտել ծնողներին»,- նշեց նա։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն էլ նկատեց, որ փորձում են գտնել, թե տարիներ առաջ ով ինչ է արել։ «Մենք ոչ մի սխալ բան չենք արել։ Մեր միակ սխալն այն է, որ նման տղաներ ենք դատիարակել։ Մեզ ոչ մեկ չի կարող լռեցնել, մեզ չեք վախեցնի, ինչից վախենում էինք արդեն կորցրել ենք»,- ասաց նա։
Նա մանրամասնեց, որ Արգիշտի Քյարամյանի հետ նախորդ հանդիպմանը մի պահ լարված մթնոլորտ է ստեղծվել ծնողներից մեկի և Քյարամյանի միջև։ Ըստ Գայանե Հակոբյանի՝ ծնողներից մեկը բորբոքվել է, ինչը նորմալ է նման հոգեվիճակ ունեցող մարդու համար, սակայն, ինչպես նշեց նա, նորմալ չէ, որ նման կարգավիճակ ունեցող մարդը՝ Քյարամյանն իրեն դրսևորեր նման ձևով։ «Դրանից մեզ մոտ անվստահություն է առաջացել։ Եւ այսօր հավաքվել ենք հենց դրա համար, որ հանդիպենք իր հետ»,- ասաց նա։
Գայանե Հակոբյանը նշեց, որ եթե իրենց հարցերին չպատասխանեն, ապա իրենց դիմումը ՔԿ-ից կհանեն։
Ծնողներից մեկն էլ ասաց, թե զարմանում է՝ ինչպես կարող են Արգիշտի Քյարամյանին պաշտոն վստահել, երբ սեպտեմբերի 27-ին նա էր ԱԱԾ տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան