Մշակիր հողդ ու վարձատրվիր. Ովքե՞ր կարող են դառնալ ծրագրի շահառու
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։
Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4.000 դրամ։
Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5.000 դրամ:
Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր։
Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, վարձատրության չափը կարող է կազմել 50.000- 350.000 դրամ։