Հայաստանում ձերբակալված ու կալանավորված մարդիկ կկարողանան հանդիպել հարազատներին
Հայաստանի կառավարությունը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարանին, որով փորձ է արվում բարելավել ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքները: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
«Օրինագծի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Այս փոփոխությունները անում ենք ձերբակալվածների ու կալանավորվածների համար», -հայտարարեց պաշտոնյան:
Փոփոխություններով, օրինակ, եթե ոչ աշխատանքային օրով մարդուն ձերբակալել են, ապա նրան պարտավոր են ապահովել փաստաբանով: Բացի այդ, անձն ինքն է ընտրում իր պաշտպանին: Ինչ վերաբերում է հարազատների հետ ձերբակալվածի տեսակցելուն, ապա Թաթոյանն ասաց, որ այս փոփոխություններով փորձ է արվում նաև այդ հարցին լուծում տալ:
«Մենք առաջարկում ենք փոխել ներկայումս գործող կարգը, երբ անհրաժեշտ է պարտադիր թույլտվություն հարազատի հետ տեսակցելու համար և այնպես անել, որ ձերբակալվածը կամ կալանավորվածը միշտ կարողանա տեսակցել հարազատին», -հավելեց փոխնախարարը:
Թաթոյանը չհամաձայնեց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի որակման հետ, թե կատարվում է «փոքրիկ փոփոխություն» և ասաց, որ առաջարկվող փոփոխություններով «սկզբունքորեն փոխվում է իրավաբանական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան