Մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա. Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։
«Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները և գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որևէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետևաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։
Հունիսի 3–ը շատ կարևոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– news.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ն այսօրվա համարում գրել էր. «Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։ Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը...
Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, և դա շարժման հաղթանակն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
- Դու միշտ ժողովրդին տեսնելու ես այդ երկաթե վարագույրների հետևից․ Իշխան Սաղաթելյան
- Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
- Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան