Արցախի ԱԺ նախագահ. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է»,-ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հետ հանդիպմանը։
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Արթուր Թովմասյանը շեշտել է.
«Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու իրավունք չունենք։ Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»։
ԱԺ նախագահը վստահ ընդգծել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի ոչ միայն Արցախի ոչնչացմանը, այլև հայոց պետականության և հայ ժողովրդի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության հիմքը կհանդիսանա։
Արթուր Թովմասյանը համոզված է, որ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։
Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ 2022 թ․ մարտի 23-ին Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, իսկ ռուս- ուկրաինական հատուկ ռազմական գործողությունների պատճառով ձևավորվել է նոր աշխարհակարգ։ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Արցախը , Հայաստանը և Սփյուռքը պետք է օգտագործեն դիվանագիտական խողովակները, այլապես կհայտնվենք նոր աշխարհակարգի փլատակների տակ։
Ըստ Արթուր Թովմասյանի՝ 2022թ․ մարտի 8-ից հետո ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հետապնդում էր մի քանի նպատակ, այն է՝
. Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,
. Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,
· Ստուգել մեր զգոնությունը, և եթե այն իսպառ բացակայում է՝ հայաթափել Արցախը։
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում Գերաշնորհ Տերը իր հայրապետական օրհնությունն է փոխանցել նաև Արցախի ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- «Ալեն Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Նիկոլ Փաշինյանին»
- Ալեն Ղևոնդյան. Սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է
- Դավիթ Բաբայան. Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում
- Արմեն Գևորգյան. Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան
- Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան