Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել. Արմեն Գրիգորյան
«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Ի դեպ, սրա մասին Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել, երբ նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն եղավ, որտեղ նա նշեց, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց հայկական կողմը կարող է հստակ ասել, որ ինչ բանակցվում է՝ հրապարակային կոմունիկացնում է:
Գրիգորյանը հայտնեց, որ Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցից պետք է բխի կարգավիճակը:
«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ այս ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ ենք ունենալու»,-ասաց ԱԽ քարտուղարը:
Անդրադառնալով Ներքին Հանդ գյուղի հարակից տարածքում հայ զինվորի զոհվելու դեպքին՝ Գրիգորյանն հայտարարեց, թե սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ այդ պատճառով էլ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ Հայաստանն առաջարկում է, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի:
«Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- ասաց Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ խորհրդի խոսնակ. Միշելի հայտարարությունները չպետք է մեկնաբանել, որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի
- Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է շոշափելի առաջընթացի մասին
- Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ