Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը
Ապրանքերի, ծառայությունների գների թռիչքային աճը մտահոգում է քաղաքացիներին։ Նրանցից շատերն ամեն անգամ խանութում վճարում կատարելիս հանկարծակիի են գալիս գնումների ընդհանուր գումարի չափից։
Անցած ամիսներին զգալիորեն թանկացել են մեծ սպառում ունեցող պարենային մթերքները։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն քաղաքացիներից ահազանգեր, նամակներ է ստանում գնաճի ու դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին։
Գնաճի պատճառների ու հետևանքերի, կառավարության անելիքների, սպառողների՝ իրավիճակին համակերպվելու հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
Բաբկեն Պիպոյան-Ամեն օրվա ռեժիմով մարդիկ իրենց մաշկի վրա զգում են թանկացումները։ Իհարկե, էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են տնտեսական ակտիվությունը, այնինչ իրականում զգում են գնաճը։ Սրա մասին միայն մեր կազմակերպության ստացած ահազանգերն ու դիմումները չեն, որ փաստում են։ Մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը թվացյալ ավելի բարձր է, քան գնաճը։ Ինչո՞ւ թվացյալ, քանի որ մենք գնաճը հաշվելիս ներառում ենք նաև այն ապրանքների գները, որոնք մարդն ամեն օր չի օգտագործում։ Ամեն օր օգտագործվող որոշ ապրանքախմբերի գնաճն անգամ տնտեսական ակտիվության ցուցանիշն է գերազանցում։ Բանջարեղենը 40 տոկոսով թանկացել է, այս մթերքն այն ապրանք է, որ ցանկալի է մարդն ամեն օր օգտագործի։ Կաթնամաթերքի, հացամթերքի ապրանքախմբերում երկնիշ աճ է գրանցվել, որը կրկին գերազանցում է ակտիվության ցուցանիշը՝ 9.4 տոկոսը։
Այլ հարց է, թե որքանով է տնտեսական ակտիվության ցուցանիշն ազդել մարդկանց կյանքի որակի վրա։ Քաղծառայողների, հանրային ծառայողների աշխատավարձն առնվազն 10 տոկոսով չի ավելացել, այստեղ աշխատավարձերի բարձրացում ընդհանրապես տեղի չի ունեցել։
Աշխատավարձի մինչև 10 տոկոս բարձրացում չի եղել նաև մասնավոր հատվածում։ Այստեղից հետևություն, եթե նույնիսկ կան մարդիկ, որոնց աշխատավարձը, եկամուտը 10 տոկոսի չափով ավելացել է, միևնույն է, այդքանով հանդերձ, միջին հաշվով քաղաքացու եկամուտներն ավելի քիչ են աճել, քան գնաճն է։ Սա էլ իր հերթին ապացուցում է, որ տեղի է ունեցել կյանքի որակի վատացում, և մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, ինչպես նշում է Վահան Քերոբյանը, այլ գնաճը։
Panorama.am-Ապրանքների թանկացումը շատերը, այդ թվում տնտեսվարողներն ու ծառայություններ մատուցողները, պայմանավորեցին դրամի արժեզրկմամբ։ Հիմա դոլարն էժանացել է, սակայն գների իջեցում տեղի չի ունենում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ։
Բաբկեն Պիպոյան-Գնաճի ժամանակ պատկան կառույցները ոչ թե պատճառահետևանքային իրական կապն էին ուսումնասիրում, այլ փորձում էին պատճառներ գտնել՝ հիմնավորելու գների բարձրացումը։ Ես գնաճը չեմ պայմանավորում բացառապես դրամի արժևորման կամ արժեզրկման հետ։ Այո, դա այս կամ այն կերպ ազդեցություն ունի գների վրա, բայց պետք չէ այն կապել մեկ կոմպոնենտի հետ։ Հիմա պետք է այս հարցի մասին մեկնաբանություններ տան այն մարդիկ, որ գների աճը պայմանավորում էին միայն դոլարի թանկացմամբ։
Ես համարում եմ, որ գների աճը նաև պատկան մարմինների քաղաքականության, վերահսկողության բացակայության, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտիվ գործոնների հետևանք է։ Գնաճին նպաստող սուբյեկտիվ գործոնները պետական մարմինների աշխատանքի բացակայության հետևանք են։ Մի պահ պատկերացնենք, ինչ կլիներ, եթե ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանը չվարեր ագրարային քաղաքականություն ու չսահմանփակեր հացահատիկի արտահանումը։ Կլիներ մեծ պահանջարկ, դրան կհետևեր հացահատիկի դիֆիցիտ ու գների շատ կտրուկ աճ։ Այս սահմանփակումը մտցվեց նաև շուկան կարգավորելու համար։
Իսկ մենք ունենք մի իրավիճակ, երբ էկոնոմիկայի նախարարը, որը նաև գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն է, հայտարարում է՝ դրսում ապրանքը թանկ է, դրա համար Հայաստանում էլ է թանկ։ Եթե նման բան ասեր պարզապես էկոնոմիկայի նախարարը, խնդիր չէր լինի, բայց եթե նման բան ասում է մի մարդ, որը նաև ագրարային քաղաքականության պատասխանատուն է, վկայում է այն մասին, որ մարդը գործունեություն է ծավալում մի ոլորտում, որից անտեղյակ է։ Ագրարային քաղաքականություն վարելը հենց այն բանի համար է, որ մենք ունենանք գների կարգավորում։ Ավելին ասեմ, այնպես չէ, որ գյուղատնտեսական ապրանքների թանկ լինելու շնորհիվ գյուղացու եկամուտներն աճել են, գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացել։
Panorama.am-Ձեր հիմնադրած ՀԿ-ն ակտիվ շփվում է սպառողների հետ, շոշափում նրանց տրամադրությունները։ Ինչո՞ւ գների աճը չի բերում բողոքի գործողությունների։
Բաբկեն Պիպոյան-Բարդ հարց եք տալիս։ Բայց այս պահին տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, պետության առջև կան այլ մարտահրավերներ, օրակարգային այնպիսի հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան ամենօրյա սպառողական հոգսերը։
Այս իրավիճակում սոցիալական խնդիրների հիմքով բողոքի ակցիաների կազմակերպումը դժվար է, փոխկապակցվելու է այս կամ այն քաղաքական օրակարգի հետ, ակտիվ քաղաքացիներն այս կամ այն կերպ արտահայտում են իրենց բողոքը։
Իսկ թե ինչու քաղաքական պայքարի օրակարգում սոցիալական այդ հարցերը չեն ընդգրկվում, հարցը պետք է ուղղել այն մարդկանց, որոնք փողոցում են։
Մի բան հստակ է, գնաճի հետևանքով մարդիկ հրաժարվում են ինչ-որ բանից, դա կլինի տավարի միսը, հանգստի մեկնելը կամ մեկ այլ բան, որն էլ իր հերթին կարող է առաջ բերել այլ հետևանքներ, ինչպիսիք են օրինակ թերսնում, առողջական խնդիրների առաջացում և այլն։
Panorama.am –Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի պետական մարմինների անելիքը՝ գնաճի ազդեցությունը մեղմելու համար։
Բաբկեն Պիպոյան –Պետական մարմինները պետք է երկար ու պրոֆեսիոնալ աշխատեն։ Միայն շատ աշխատելը բավարար չէ, պետք է արհեստավարժ լինեն։ Միայն արհեստավարժ լինելն էլ բավարար չէ, քանի որ աշխատանքի ծավալն ահռելի է։ Մինչդեռ պետական մարմիններն աշխատում են կարճ ու ոչ պրոֆեսիոնալ։
Շատերն ասում են, դե ովքեր գիտեն, թող ասեն, խոհուրդ տան՝ ինչ անեն։ Ես կարող եմ նման բան ասողներին մի օրինակ բերել, շախմատիստին կարող ես մեկ-երկու քայլ խորհուրդ տալ, սակայն ամեն քայլը չի կարելի խորհուրդ տալ, և երրորդ սխալ քայլի պատճառով ամեն ինչ կփչացնի։
Այս ամենի արդյունքում գնաճը պահպանվելու է, տեսեք, պետությունն իրականացնում է որոշակի գործառույթներ, այդ թվում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություն, որի նպատակը նաև պահանջարկի մեծացումն է։
Սակայն Հայաստան Ռուսաստանից եկավ վճարունակ մոտ 100 հազար մարդ, արդյունքում պահանջարկն ապրանքների ու ծառայությունների նկատմամբ ավելացավ, հիմա էլ է շարունակում ավելանալ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը, որը պետք է զսպեր գնաճը, ըստ էության մասնակիորեն դառնում է անարդյունավետ, և պետք է մտածել այլ գործիքների ակտիվ կիրառման մասին։
Նշեմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն էլ նաև դրա արդյունք է, ինչքան էլ ԱԺ ամբիոնից հայտարարեն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ է։
Panorama.am-Շնորհակալ եմ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ունեցած 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է. Վահան Քերոբյան
- Սպառողական գները հունվար-ապրիլին աճել են 7.4%-ով
- Էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գների աճը 2022 թ. գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5%. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան