Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 31-ի համեմատ ցածր է 20 սմ-ով: Այն աննախադեպ է վերջին տարիների համար, ինչը սովորաբար հանգեցնում է ջրի տաքացմանը և լճի ծաղկմանը: Այս իրավիճակում կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով կթուլատրի ոռոգման նպատակով Սևանա լճից բաց թողնել 170 մլն մ³ ջուր: Հիշեցնենք, որ այս թիվն ամրագրված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում և դրանից ավել ջրի բաց թողնելու համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությամբ մտնել ԱԺ:
Մյուս կողմից էլ, մինչ այս ՇՄ նախարարությունը 2022թ համար Սևանա լճից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակ էր սահմանել 135 մլն մ³-ը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2022 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.2 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 424 մլն մ3:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 149.5 մլն մ³, Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ³, Ապարանի ջրամբարից շուրջ 15 մլն մ³ ջրաքանակներով` հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2022թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 26.5մլն մ³ ջրարտադրություն (ընդամենը՝ 236 մլն մ³):
Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 182 մլն մ, սակայն, ղեկավարվելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջով, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ³ ծավալով բացթողում»:
Հարակից հրապարակումներ`
- ՇՄՆ-ն Սևանա լճից 2022-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3
- Նախագծվել է Սևանա լճի ջուրը ցիանոբակտերիաներից մաքրելու մոդելային սարք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին