Հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով կփոփոխվի միջազգային պայմանագրի դրույթն, և կբացառվի ամերիկյան կողմին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:
Գործադիրը համաձայնություն կտա «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, բայց կփոփոխի ԱՄՆ-ի նկատմամբ ստանձնած պարտավորության համապատասխան կետը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010թ․ սեպտեմբերի 3-ին Վաշինգտոնում և սեպտեմբերի 16-ին Երևանում։ Համաձայնագրի նպատակն է խթանել նշված ոլորտում կողմերի միջև արդյունավետ և կանոնակարգված փոխգործակցությունը։ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Պետք է փոխանցվեն նաև համաճարակաբանական տվյալները:
Հաշվի առնելով, որ առաջիկայում նախատեսվող ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման ոլորտը կարգավորող համապարփակ օրենքի ընդունմամբ հստակ ամրագրվելու է, որ հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ, ինչպես նաև կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում գործընկերների հետ հավասարակշռված քաղաքականության ապահովման անհրաժեշտությունից, առաջարկվում է փոփոխել Համաձայնագրի IV հոդվածի 5-րդ կետը:
Հարկ է նշել, որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին
Առաջարկվող փոփոխությունով կբացառի ամերիկյան կողմին պահանջված վտանգավոր ախտածինների նմուշները փոխանցելու վերաբերյալ բաղադրիչը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան