Ինչպես է ՄԻՊ-ը պայքարում ատելության խոսքի դեմ
Ազգային ժողովում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշեց այն երեք գլխավոր ուղղությունները, որոնց ուղղությամբ աշխատում է ՄԻՊ գրասենյակը։
Առաջինն, ըստ նրա, հետպատերազմական հումանիտար իրավիճակի հաղթահարմանն ուղղված աջակցությունն է՝ գերիների, պահվող անձանց, անհետ կորածների վերադարձի, ինչպես նաև՝ նրանց ընտանիքների սոցիալական, տնտեսական, հոգեբանական աջակցությունը։
Նրա խոսքով՝ ընտանիքների հետ պարբերաբար հանդիպում են, հետևում են գործերին, կամավորների միջոցով ներգրավում բժշկական ծառայություններ։
«Հետպատերազմական հումանիտար խնդիրների հաղթահարումը առաջնահերթություն է մեզ համար»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևորում են սահմանամերձ համայնքներ այցերը, որոնց ընթացքում վեր են հանում և կառավարությանը ներկայացնում, թե, օրինակ, որ համայնքում պետք է մարդկանց և տեղահանված անձանց համար ստեղծել աշխատանքի հնարավորություններ, որում՝ երիտասարդական կենտրոններ։
Հաջորդ մարտահրավերը, Քրիստինե Գրիգորյանի խոսքով, ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքն է։
«Մենք խոսակցություններ եք սկսել ԶԼՄ-ների, որոշ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ։ Վերջին շաբաթների մշտադիտարկումները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ բոլորս աշխատանք ունենք անելու։ Բոլորս գիտակցում ենք, որ լավ չէ ատելության խոսք տարածելը, բռնություն քարոզելը, սակայն տեսնում ենք, որ այստեղ կոնկրետ միջոցների կարիք կա»,- ընդգծեց ՄԻՊ-ը։
Երրորդ առաջնահերթությունն, ըստ ՄԻՊ-ի, իրավահավասարության օրակարգն է՝ կանանց հզորացումը, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության մեխանիզմները, երեխաների իրավունքների պաշտպանությունը։
«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Արդարադատության նախարարության ու քաղհասարակության հետ։ Ունենք նույն համոզմունքը, որ մեզ պակասում է համակարգային, լիարժեք օրենսդրություն, որը կսահմանի՝ ինչ է խտրականությունը, կտա դրա տեսակները, որը կնախատեսի պաշտպանության մեխանիզմներ, քանի որ ՄԻՊ ներկայացվող բողոք-դիմումներն առաջին հերթին վերաբերում են խտրականությանը»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ-ում երեխաների և երիտասարդության խորհուրդ կձևավորվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան